Սյունիքի մարզի սարսափելի ավտովթարի նոր մանրամասները. Opel–ը դուրս է եկել հանդիպակաց գոտի

Երեք մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Սյունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառը, ըստ նախնական տվյալների, եղել է այն, որ մարդատար մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ավտոբուսին։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Սարսափելի դեպք Երևանի կենտրոնում. կնոջը երկու անգամ վրաերթի են ենթարկել

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 16։00-ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 178․1-րդ կմ-ում 58-ամյա երևանցին իր վարած «Օպել Զեֆիրա» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել դիմացից եկող ավտոբուսին։

Հայտնի է, որ ավտովթարի հետևանքով տեղում մահացել են մարդատար ավտոմեքենայի վարորդն ու երկու ուղևորները` 52 և 46–ամյա կանայք։

Իրանական համարանիշով «Սկանիա» ավտոբուսը վարել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին։ Վթարի հետևանքով ավտոբուսի ուղևորներից մեկը, որը Երևանի բնակիչ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նշենք, որ վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, մահացածներին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները: