Ինչու են սատկում Երևանի կենդանաբանական այգու բնակիչները. մասնագետներն իրենց վարկածն ունեն

Հայաստանը կարող է դառնալ կենդանիների անօրինական բիզնեսի տրանզիտ երկիր։ Մասնագետները կապ են տեսնում Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցած դեպքերի ու ապօրինի բիզնեսի միջև։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Այն, ինչ արդեն մի քանի ամիս տեղի է ունենում Երևանի կենդանաբանական այգում, «Մեկ» առողջություն կոալիցիայի անդամները որակում են սաբոտաժ, դիվերսիա, անգամ` ահաբեկչություն: Այս մասին նրանք հայտնեցին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Կենդանուն թունավորելու մեջ կան ոչ միայն հանցագործության տարրեր, այլև հստակ ահաբեկչության էլեմենտներ։ Անմեղ կենդանիները ինչ–որ մեկի նեղ շահերի զոհ են դառնում»,– ասաց կենդանիների առողջության և սննդի անվտանգության միջազգային փորձագետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահ Գրիգոր Գրիգորյանը։

Նրա համոզմամբ` այս ամենն ուղղված է կենդանաբանական այգու ղեկավարության դեմ, և կատարողը մեկն է, ով քաջատեղյակ է կենդանաբանական այգու ներքին ռեժիմներին, կենդանիների պահման ու կերակրման մանրամասներին։

Ինչու են սատկում Երևանի կենդանաբանական այգու բնակիչները. մասնագետներն իրենց վարկածն ունեն

Կոալիցիայի անդամ, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ–ի նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանն ավելի լուրջ ենթադրություններ ունի։ Նրա խոսքով` կենդանաբանական այգու տնօրինության փոփոխությունը ձեռնտու է կենդանիների անօրինական ներկրմամբ–արտահանմամբ ու վաճառքով զբաղվող անձանց, ովքեր, չի բացառվում, որ փորձում են Երևանի կենդանաբանական այգին վերածել կենդանիների անօրինական բիզնեսի համար յուրօրինակ տրանզիտ կենտրոնի։

Կոալիցիայի անդամները նման եզրահանգման են եկել` այս տարվա մայիսից հետևելով կենդանաբանական այգում ու դրա շուրջ ծավալվող իրադարձությունների զարգացմանը։

«Ստեղծվեց մի հանձնաժողով, որում կային կենդանաբաններ, բայց կային նաև կենդանիների անօրինական առք ու վաճառքով զբաղվող անձինք։ Նրանցից մեկին անգամ այդ հանցագործության մեղադրանքով հետախուզում է Ինտերպոլը»,– ասաց Ադամյանը` չցանկանալով, սակայն, անուններ հնչեցնել` ավելորդ շահարկումներից խուսափելու համար։

Բանախոսները նշեցին, որ առաջին դեպքը, որն իրենց կասկածելի էր թվացել, ձմռանը տուբերկուլյոզի վարակի հետևանքով սատկած կենդանիների մասին տեղեկությունը ամիսներ անց տարածելն էր։

Ինչու են սատկում Երևանի կենդանաբանական այգու բնակիչները. մասնագետներն իրենց վարկածն ունեն

Հիվանդության զոհ էին դարձել քարայծը, ապա լամաները, կամերունյան այծն ու եղջերուները։ Գրիգորյանի խոսքով` այդպես էլ պաշտոնական հայտարարություն չարվեց, թե հիվանդության որ տեսակն է հայտնաբերվել կենդանիների մոտ` մարդու, թե թռչնի տուբերկուլյոզ։

Երկրորդ ահազանգը նոյեմբերի 13-ին սատկած զեբրն էր, որն, ինչպես հետո պարզվեց, թունավորվել էր մկնդեղով։ Հաջորդը նոյեմբերի 26-ին սատկած կոկորդիլոսն էր, վերջինը` դեկտեմբերի 12-ին սատկած բեզոարյան այծը։

Հերթական պատահարը կենդանաբանական այգում. սատկել է բեզոարյան այծերից մեկը

Բոլոր այս դեպքերին հետևելով` «Մեկ առողջություն» կոալիցիայի անդամները համոզվել են` «այգում կան մարդիկ, որոնք կենդանիներին ոչնչացնելու կոնկրետ խնդիր ունեն ու իրենց նպատակին հասնելու համար ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու»։

Բացի այդ, ստեղծված իրավիճակը, նրանց համոզմամբ, վկայում է, որ Երևանի քաղաքապետարանն ի վիճակի չէ լուծել խնդիրը և չի տիրապետում իրավիճակին։

Իսկ վերահսկողությունից դուրս եկած իրավիճակն արդեն սպառնում է ոչ միայն այգու կենդանիներին, այլև այցելուներին։ «Եթե հանկարծ ինչ–որ մեկի մտքով անցնի որևէ հիվանդության հարուցիչ տարածել այգու կենդանիների շրջանում, այն կարող է տարածվել նաև մարդկանց մեջ։ Չմոռանանք, որ կենդանաբանական այգին, բացի հատուկ պահպանվող, գիտական հիմնարկ լինելուց, նաև ընտանեկան ժամանցի վայր է, որտեղ մարդիկ գալիս են ընտանիքներով, երեխաների հետ»,– հիշեցրեց Գրիգորյանը։

Հետևաբար, կոալիցիան առաջարկում է խնդրի լուծման իր տարբերակը։ Նախ` այգին պետք է փակվի այցելուների համար, հայտարարվի կարանտին, իրավապահների հետ համատեղ իրականացվի ուժեղացված հսկողություն` մինչև քրեական գործերի բացահայտումն ու մեղավորների հայտնաբերումը։