Կին քաղաքական գործիչը պետք է խնամված լինի. Նաիրա Զոհրաբյանը ընտանիքի և ամուսնու մասին

Նաիրա Զոհրաբյանը պատմել է իր հուշերը, ասել է` ինչպես է թատերագետի դիպլոմով լրագրությամբ, իսկ հետո քաղաքական կարիերայով զբաղվել։ Անմիջական զրույցում նա անձնական բնույթի որոշ պատմություններ է պատմել, այդ թվում` ընտանիքի մասին։
Sputnik

Հայ-ռուսական համալսարանի ուսանողուհի Անաստասյա Գրիգորյան` հատուկ Sputnik Արմենիայի համար

Քչերը գիտեն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը լրագրությամբ, ապա քաղաքականությամբ զբաղվելուց առաջ, զբաղվում էր մի ոլորտով, որը մի կողմից բավական հեռու է այդ երկու մասնագիտություններից, մյուս կողմից էլ` բավական օգտակար է դրանք յուրացնելու համար։ Զոհրաբյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտության բաժինը։

Կին քաղաքական գործիչը պետք է խնամված լինի. Նաիրա Զոհրաբյանը ընտանիքի և ամուսնու մասին

«Ավարտել եմ թատերական ինստիտուտը, մասնագիտությամբ թատերագետ եմ, պրակտիկա եմ անցել մոսկովյան տարբեր թատրոններում, աշխատել եմ այնպիսի մեծ վարպետների հետ, ինչպիսիք են Անդրեյ Միրոնովը, Արմեն Ջիգարխանյանը, Օլեգ Յանկովսկին, Նիկոլայ Կարաչենցովը, իսկ երբ Երևան վերադարձա, տեղի թատրոններում էի ստաժավորում անցնում։ Այդ ժամանակ էլ հասկացա, որ թատրոնն ու արվեստը մեծ ներդրումներ են պահանջում։ Դերասանը, ռեժիսորը պետք է լավ աշխատավարձ ստանան», – ասում է Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է իր` ԱԺ փոխնախագահ դառնալու լուրերը

Սակայն շուտով նրա կյանքը կտրուկ փոխվում է։ «Ծանոթացա իմ ապագա ամուսնու` Սամվել Մկրտչյանի հետ։ Նա «Ար» թերթի խմբագիրն էր։ 1993 թվականին սկսվեց լրագրողի կարիերաս, ու կարող եմ ասել, որ Հայաստանի ամենաակտիվ առաջատար լրագրողներից էի։ Որպես լրագրող աշխատեցի մինչ 2007 թվականը։ Ընդ որում` իմ լրագրողական կարիերայի վերջին 10 տարիներին աշխատել եմ Նիկոլ Փաշինյանի հետ` «Հայկական ժամանակ» թերթում։ Այն ժամանակ այնտեղ լրագրողների իսկական ծաղկաբույլ էր` Արմինե Օհանյան, Սաթիկ Սեյրանյան և բազում այլ լրագրողներ», – հիշում է Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով` այդ ժամանակ պարբերականը, կարծես, թարմ օդ լիներ։ «Նախարարներ կային, որոնք ուղարկում էին իրենց օգնականներին «Հայկական ժամանակ» թերթի հետևից, քանի որ պաշտոնյաներին գաղտնի կերպով արգելում էին բաժանորդագրվել այդ թերթը։ Ես ու գործընկերներս շատ բան ենք արել քաղաքացիական հասարակության կայացման համար։ Գրեթե յուրաքանչյուր հոդվածիցս հետո խմբագրությունը բազում զանգեր էր ստանում, ինչպես հիացած արձագանքներով, այնպես էլ վրդովմունքով լի։ Մի անգամ Լևոն Մկրտչյանը, որն այն ժամանակ կրթության նախարարն էր, ասաց, որ իմ ամեն հոդվածից հետո նախագահը ժողով է գումարում», – ժպիտով պատմում է Զոհրաբյանը։

Կին քաղաքական գործիչը պետք է խնամված լինի. Նաիրա Զոհրաբյանը ընտանիքի և ամուսնու մասին

Նա ասում է, որ ինքը չհանձնվող մարդ է, հաղթող, առաջնորդ, ինչ-որ տեղ խռովարար ու ֆանատիկ։ «Երբեմն ինձ լավ ճանաչողներն ասում են, որ անունս պետք է ոչ թե Նաիրա դնեին, այլ Վիկտորյա։ Հաճախ եմ հիշում Շիմոն Պերեսի խոսքերը. «Ձեր առջև շատ մեծ նպատակներ դրեք։ Փոքր նպատակներ մի դրեք։ Մեծ երազանք ունեցեք, նույնիսկ եթե առաջին հայացքից այդ երազանքն անիրականանալի թվա։ Մեծ բաների մասին երազեք։ Ինչքան ավելի մեծ է ձեր երազանքը, այնքան ավելի շատ բանի կհասնեք»։ Իմ կարգախոսն է Կոկո Շաների խոսքը. «Եթե ուզում եք ունենալ այն, ինչը երբեք չեք ունեցել, ստիպված եք անել այն, ինչ երբեք չեք արել»։ Այդ պատճառով միշտ իմ առջև բարձր նշաձող եմ դնում, որն առաջին հայացքից անհաղթահարելի է, սակայն ամեն քայլի հետ հասկանում եմ, որ անհնար ոչինչ չկա», – խոստովանեց քաղաքական գործիչը։

Կին քաղաքական գործիչը պետք է խնամված լինի. Նաիրա Զոհրաբյանը ընտանիքի և ամուսնու մասին

Մանկության ու պատանեկության տարիների ամենավառ տպավորություններից Նաիրա Զոհրաբյանը հիշում է. «Փոքր ժամանակ միշտ գերազանցիկ էի, գերազանց եմ ավարտել դպրոցը, կարմիր դիպլոմով ավարտել եմ թատերական ինստիտուտը։ Հայրս աշխատում էր էլեկտրալամպային գործարանում, այնտեղ պատվո տախտակ կար, որին փակցված էին գործարանի աշխատակիցների գերազանցիկ սովորող երեխաների լուսանկարները. իմ սովորելու տասը տարիների ընթացքում լուսանկարս փակցված էր այնտեղ, հայրս հպարտանում էր ինձանով։ Ես հենց նրա համար էի ջանք թափում։

Ճամպրուկային տրամադրություն. ԱԺ–ն ճանապարհում է հին տերերին ու սպասում նորերին

Իսկ արդեն ինստիտուտում հիշում եմ առաջին զգացողություններս, երբ «Լենկոմում» առաջին ներկայացումները տեսա` «Լեգենդ Տիլի մասին» և «Յունոնա և Ավոս»։ Վեց ժամ ոտքի վրա էի, քանի որ ազատ տեղեր չկային։ Այդ երկու ներկայացումներում խաղում էր Նիկոլայ Կարաչեցովը` իմ ամենասիրելի դերասանն ու ուսուցիչս։ Այդ հույզերը, ապրումները, այդ արվեստն այնքան ազդեց ինձ վրա, ասես հոսանքի հազար վոլտանոց հարված լիներ, ես ամբողջ կյանքում պահեցի դրանք։ Թեև պետք է ասեմ, որ կյանքիս ընթացքում վառ տպավորություններ շատ եմ ապրել», – ավելացրեց Զոհրաբյանը։

Հարցին, թե ի՞նչ դերակատարություն է ունեցել սերը նրա կյանքում ու արդյո՞ք նա հեշտ սիրահարվող մարդ է, Զոհրաբյան ասաց. «Ընդհանրապես հեշտ սիրահարվող մարդ չեմ, միասեր եմ։ Իմ կյանքում եղել է հսկայական ու խենթ սեր` 23 տարի ամուսնուս` Սամվել Մկրտչյանի հետ, որը տաղանդավոր, հիանալի մարդ էր։ Այնպես որ, այս մեծ սերը ստվերում թողեց փոքր սիրահարվածությունները, որոնք եղել էին, քանի որ սերը դեպի Սամվելը հորդառատ անձրևի, ցունամիի պես լվաց այն ամենը, ինչը կյանքումս եղել էր մինչ նրան հանդիպելը»։

Կին քաղաքական գործիչը պետք է խնամված լինի. Նաիրա Զոհրաբյանը ընտանիքի և ամուսնու մասին

Քաղաքական գործիչը խոսեց նաև դստեր ու թոռան մասին։ «Դուստրս միջազգային հարաբերությունների բաժինն է ավարտել, երկրորդ մասնագիտությամբ քաղաքագետ է, հիմա կենտրոնական բանկում է աշխատում։ Նա բնավորությամբ հանգիստ է, խաղաղասեր, ըմբոստ չէ, բայց նույնպես համառ է ու ամուր` ինձ նման։ Ես շատ երիտասարդ էի, երբ նա ծնվեց , այդ պատճառով մեր միջև «սերունդների տարբերություն» չկա։ Դուստրս ինձ համար ասես քույր լինի, իսկ թոռս ինձ համար ասես որդի լինի, նա նույնիսկ ինձ մայր է անվանում։ Պաշտում եմ թոռանս, նա շատ տաղանդավոր տղա է, լավ է սովորում, շուտով նրան ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոց կտեղափոխենք», – հպարտությամբ ասաց Զոհրաբյանը։

Ո՞վ կլինի ԱԺ փոխնախագահը, Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանի ճաշակով չէ. «Հրապարակ»

Քաղաքական գործիչը նկատում է`քաղաքականության մեջ կարելի է հաջողության հասնել, երբ դու խաղաղ ընտանիք ունես, երբ դու որպես կին կայացած ես ընտանիքում, երբ քեզ սիրում են ու երբ դու սիրում ես երեխաներիդ, բարեկամներիդ, ծնողներիդ, կողքիդ մարդուն։ «Եթե ընտանիքում, քաղաքականության մեջ, երկիրների միջև բանակցություններում փոխզիջում չլինի, դա ուղիղ ճանապարհ է դեպի ձախողում, փակուղի»,–նշում է Զոհրաբյանը։

Նրա խոսքով` հաճախ քաղաքականության մեջ գոյատևելու համար կանայք տղամարդու դիմակ են հագնում։ «Դա սպանում է կնոջը։ Ընդհանրապես սուրոգատ քաղաքական գործիչը, որը ո՛չ կին է, ո՛չ տղամարդ, անընդունելի է։ Սեգոլեն Ռուայալը` Ֆրանսիայում սոցիալական առաջնորդներից մեկը, մի քանի տարի առաջ առաջադրվել է երկրի նախագահ, բայց միաժամանակ նա ճանաչվել է երկրի ամենասեքսուալ, ամենագեղեցիկ կինը։ Համամիտ չեմ (Զոհրաբյանն օգտագործեց «ne partager pas» ֆրանսերեն, այսինքն` «համամիտ չեմ»), որ քաղաքականությունը խլում է կնոջ գեղեցկությունը»։

Հարցին` թե որտեղ է նա այդքան լավ ֆրանսերեն սովորել, Զոհրաբյանն ասաց. «Մինչ 2007 թվականը ես bonjour ու au revoir բառերից բացի ոչինչ չգիտեի։ Բայց երբ խորհրդարան անցա ու Ստրասբուրգ գնացի ԵԽԽՎ առաջին նիստին, ամաչեցի, որ իմ գործընկերները տարբեր երկրներից տարբեր լեզուներով էին խոսում, իսկ ես միայն ռուսերեն գիտեի։ Ես վերադարձա ու վեց ամսվա ընթացքում զրոյից ֆրանսերեն սովորեցի»։

Կին քաղաքական գործիչը պետք է խնամված լինի. Նաիրա Զոհրաբյանը ընտանիքի և ամուսնու մասին

Հարցին` ինչը կարող է ստիպել նրան լաց լինել, Զոհրաբյանն ասաց. «Ես հանրապետության պատվավոր դոնոր եմ, գրեթե ամեն ամիս քաղցկեղով հիվանդ երեխաների համար արյուն եմ հանձնում։ Հետևում եմ յուրաքանչյուր երեխայի ապաքինմանը, ու ինձ համար երեխայի մահը ողբերգություն է։ Իսկ երբ նման հիվանդությունից հետո հինգ տարի անցնում է, ու երեխան ողջ է, դա նշանակում է, որ նա ապաքինվել է։ Ես գրկում են նրան ու պարզապես խորտակվում  արցունքների մեջ»։