ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբեր — Sputnik. Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը երեկ՝ դեկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ:
Ինչպես տեղեկացնում են Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ Չալդրանյանը դիմում ներկայացրել՝ հրաժարվելով իր պաշտոնից:
Հիշեցնենք, որ մինչ, դեկտեմբերի 10-ին իր պաշտոնը թողնելու մասին հայտարարել էր թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը:
Դերասան ու ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը «Համազգային» պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար էր նշանակվել 2016 թվականին։ Սակայն վերջերս գեղղեկի ու ստեղծագործական անձնակազմի միջև տարաձայնություններ էին առաջացել։ Տասը դերասան՝ Անդրանիկ Էթեմեզյանը, Նարեկ Բաղդասարյանը, Նարինե Գրիգորյանը, Ալլա Սահակյանը, Ստեփան Ղամբարյանը, Գագիկ Մադոյանը, Տաթև Ղազարյանը, Սերգեյ Թովմասյանը, Արման Նավասարդյանը, Արմինե Անդրեասյանը, նրա հրաժարականն էին պահանջում։
Չալդրանյանը պնդում էր, որ գեղղեկի պաշտոնը դերասանուհի Նարինե Գրիգորյանի վաղեմի երազանքն է, իսկ տնօրենի պաշտոնին հավակնում է դերասան Արման Նավասարդյանը։
Դրանից հետո Չալդրանյանը հրաժարվել էր գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, բայց լինելով թատրոնի տնօրեն` գեղարվեստական ղեկավար էր նշանակել ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին։
Դերասաններին դուր չէր եկել նաև այս որոշումը։