ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ըստ նախնական տվյալների՝ Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների շարքում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան։ Այս մասին նշված է ՀՀ արտգործնախարարության թվիթերյան էջում։
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Անկարայից Կոնիա ընթացող ճեպընթացը բախվել է լոկոմոտիվին, ինչի հետևանքով վագոններից երկուսը դուրս են եկել ռելսերից։ Փլվել է նաև վերգետնյա անցումը։
Նախնական տվյալների համաձայն` մահացել են 9, տուժել` 84 մարդ։ Ավելի քան 30 վիրավորներ հոսպիտալացվել են տարբեր հիվանդանոցներ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրավապահներն արդեն 3 մարդու են ձերբակալել։