Նազարբաևը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցել է Բելառուսի թեկնածուին

Ղազախստանի նախագահն այդ մասին խոսել է Աստանայում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման շրջանակում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 Դեկտեմբեր — Sputnik. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր աջակցությունն է հայտնել Բելառուսի անդամին որպես ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի թեկնածու:

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Նազարբաևը այդ մասին խոսել է Աստանայում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման շրջանակում:

Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի նոր իշխանության հետ

Ղազախստանի ղեկավարի կարծիքով՝ Զասն ունի այս պաշտոնում աշխատելու համար բոլոր անհրաժեշտ որակները:

«Դուք զինվորական եք ու համապատասխան կրթություն ունեք, աշխատել եք Գլխավոր շտաբում, Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդում: Ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների ու ժողովների: Մենք կաջակցենք ձեզ»,-ասել է Նազարբաևը:

Իր խոսքում Ղազախստանի նախագահը հավելել է, որ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունները որոշել են աջակցել Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից Զասի առաջարկված թեկնածությանը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը։