ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Դերասաններ Արման Նավասարդյանը և Նարինե Գրիգորյանը պատրաստ են իրենց վրա պատասխանատվություն վերցնել և զբաղեցնել Համազգային թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները։ Այդ մասին դերասանները հայտնեցին Sputnik Արմենիայի թղթակցին։
Դեկտեմբերի 13–ին հայտնի է դարձել, որ թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը դիմում է գրել զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին։ Ավելի վաղ նա հրաժարվել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, բայց, մնալով թատրոնի տնօրենի պաշտոնում, գեղարվեստական ղեկավար է նշանակել Սուրեն Շահվերդյանին։ Թատրոնի դերասաններին այդ որոշումը դուր չի եկել։ Արդյունքում Շահվերդյանը լքել է պաշտոնը, և հիմա գեղարվեստական ղեկավարի տեղը կրկին թափուր է։
«Այո, ես համաձայն եմ ղեկավարել թատրոնը։ Կարծում եմ, որ շատ անելիք կա, և եթե թատերախումբը ցանկանա, ապա ես կստանձնեմ այդ մեծ պատասխանատվությունը», – նշեց Նավասարդյանը։
Չալդրանյանն առայժմ մնում է թատրոնում։ Դերասանը ենթադրում է, որ, ամենայն հավանականությամբ, մշակույթի նախարարությունը նրան ժամանակ է տվել գործերն ավարտելու համար։
Նա նշել է, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ վերջին հանդիպումը կայացել է նոյեմբերի կեսին։ Այդ ժամանակ Մակունցն ընդունել է դերասաններին և լսել նրանց բողոքները։
Ավելի վաղ թատրոնի դերասանուհի և թատերախմբի կողմից գեղարվեստական ղեկավարի պաշտոնի թեկնածու Նարինե Գրիգորյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատրաստակամություն էր հայտնել աշխատելու հանուն թատրոնի բարօրության։
Ինչպես նշեց Գրիգորյանը, իր համար այդ պաշտոնն ինքնանպատակ չէ, և եթե նա հասկանա, որ գլուխ չի հանում, կլքի պաշտոնը։
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունում հայտարարել են, որ թատրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին հարցն առայժմ չի քննարկվել, ուստի այդ պաշտոնում Նավասարդյանին հաստատելու մասին խոսելը վաղաժամ է։
Հիշեցնենք, որ թատրոնում սկանդալները սկսվել են մոտ 2 ամիս առաջ։
Թատրոնի ներկայացուցիչներն այդ ժամանակ հանդիպել են մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ և պահանջել Վիգեն Չալդրանյանի հրաժարականը, որն այդ ժամանակ զբաղեցրել է տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։
Դրանից հետո Չալդրանյանը հեռացել էր գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, բայց, չհարցնելով դերասանների կարծիքը, այդ պաշտոնում նշանակել էր Սուրեն Շահվերդյանին։ Վերջինը հայտարարել էր թատերախումբը լուծարելու հավանականության մասին, եթե դերասանները չցանկանան նրա հետ աշխատել։
Դրան ի պատասխան դերասանները գործադուլ հայտարարեցին, իսկ նրանց աջակցեցին մի քանի այլ թատրոններ։
Շահվերդյանը վերջերս հայտարարեց թատրոնից հեռանալու մասին, իսկ նախարարի հետ հանդիպումից հետո երեկ՝ դեկտեմբերի 13-ին, նրա օրինակին հետևել է նաև Չալդրանյանը։