ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ. «Ժողովուրդ»

ՌԴ-ում հայ և ռուս փորձագետները համատեղ ինքնաթիռի սև արկղը զննության կենթարկեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզում աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ»:

Շիրակում զոհված օդաչուների աճյուններն ամփոփվեցին «Եռաբլուրում». լուսանկարներ

Ինչպես հայտնի է, աղետի հետևանքով զոհվել էին երկու օդաչուները` Արմեն Բաբայանն ու Մովսես Մանուկյանը: Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի հատկանիշներով` թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելու համար:

«Եվ ահա դեպքի վայրից հայտնաբերված սև արկղը հիմա ուղարկվելու է ՌԴ: Պատճառն ինքնաթիռի սև արկղի վնասվածության աստիճանն է: Հայ փորձագետները տեղում չեն կարողացել սեւ արկղի պարունակությունը` այնտեղ եղած ձայնագրությունները, վերծանել, ուստի նման որոշում է կայացվել: Հիմա ՌԴ-ում հայ և ռուս փորձագետները համատեղ այն զննության կենթարկեն»,–գրում է թերթը:

Հիշեցնենք, որ ինքնաթիռը թռիչքային երթուղի է դուրս եկել դեկտեմբերի 4-ին, 10.06-ին Գյումրու օդանավակայանից։ Նրա հետ կապը կորել էր 10.20-ի սահմանում։ ՊՆ–ն հայտնում է, որ հենց այդ պահին է ինքնաթիռը կործանվել։