«Հուսանք` նկարը հետո հետ կգա». Փաշինյանը կատակեց, Մակունցը խոսեց «ամենաթանկ» ծրագրի մասին

Հայաստանի պատկերասրահի արժեքավոր կտավները կցուցադրվեն դպրոցներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ազգային պատկերասրահի կտավները կցուցադրվեն հանրապետության դպրոցներում։ Այսօր կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը։

– Կտավն արդեն ընտրվել է,– ասաց Մակունցը։

– Իսկ հետաքրքիր է` ի՞նչ կտավ եք ընտրել։ Գաղտնի՞ք է,– հարցրեց Փաշինյանը։

– Պատկերասրահի ամենաթանկ կտավներից մեկը,– ժպտաց Մակունցը։

– Սա ի գիտություն ոստիկանության ու ԱԱԾ–ի, որ պատկերասրահի ամենաթանկ կտավը դուրս է գալիս պատկերասրահից։ Հույս ունենք, որ այդ նկարը նաև հետ կգա, ու շատ կարևոր է , որ բնօրինակը հետ գա, – կատակեց Փաշինյանը։

Նշենք` Հայաստանի ազգային պատկերասրահում է պահվում Հովհաննես Այվազովսկու` հայրենի Թեոդոսիա քաղաքի թանգարանից հետո ամենամեծ հավաքածուն։ Այստեղ են պահվում նաև Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի, Մինաս Ավետիսյանի և այլ ժամանակակից դասականների կտավներ։

Աշակերտները և ուսուցիչները կկարողանան անվճար թանգարաններ հաճախել, իսկ բանտարկյալնե՞րը

Պատկերասրահում նաև ռուսական արվեստի հարուստ հավաքածու կա` Օրեստ Կիպրենսկի, Կառլ Բրյուլով, Իլյա Ռեպին, Վասիլի Սուրիկով, Վալենտին Սերով։

Ներկայացված է նաև եվրոպական նկարչական արվեստը (հիմնականում XVII-XIX դարերի)։

Դպրոց են ուզում բերել ոչ միայն նկարչական արվեստի նմուշները, այլև երաժշտությունը։ Այս թեման նույնպես հետաքրքրեց վարչապետի պաշտոնակատարին։

– Ինչպե՞ս է դա տեղի ունենալու։ Նրանք ինչ–որ ստեղծագործություն են նվագելու, հետո այդ մասին պատմեն աշակերտների՞ն, – հարցրեց նա։

– Դա ևս լինելու է, բայց ոչ միայն դա։ Համերգներից առաջ դիրիժորները գալու են դպրոցներ և աշակերտներին պատմեն այն ստեղծագործությունների մասին, որոնք կատարելու են, – ավելացրեց կրթության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

Ծրագիրը կոչվելու է «Դաս Ա» և զգալիորեն ընդլայնվելու է մյուս տարի։