Արմաշի հոգեբուժական կենտրոնում ՄԻՊ աշխատակիցները խախտումներ են հայտնաբերել

Նախորդ այցի համեմատ հոգեբուժական հաստատությունում արձանագրվել են դրական տեղաշարժեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 Դեկտեմբեր — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել ՀՀ Արարատի մարզպետարանի «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ:

Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունից, չհայտարարված այցի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ։

Դատապարտյալները պատրաստ չեն ազատ կյանքի, հոգեկան հիվանդները ենթարկվում են խոշտանգման. ՄԻՊ

«Բացահայտվել է, որ կենտրում կա գերբնակեցվածություն, կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն, ջեռուցման ապահովման հետ կապված խնդիրներ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի և զբաղվածության ապահովման հետ կապված խնդիրներ, հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման իրավական ընթացակարգերի պահպանման հետ կապված խնդիրներ և այլն»,–ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:

Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմնին:

«Հարկ է նաև ընդգծել, որ նախորդ այցի համեմատ հոգեբուժական հաստատությունում արձանագրվել են դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ բարեկարգվել են լոգարանները և ճաշարանը, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել որոշ սանհանգույցներում, ձեռք են բերվել նոր մահճակալներ ու անկողնային պարագաներ»,–տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Այս կապակցությամբ հաստատության տնօրինությունը երախտագիտություն է հայտնել Պաշտպանի աշխատակազմին՝ նշելով, որ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար հաստատությանը միջոցներ են տրամադրվել Պաշտպանի ներկայացուցիչների նախորդ այցի հիման վրա ներկայացված առաջարկությունների և «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» Պաշտպանի 2018 թվականի արտահերթ հրապարակային զեկույցի արդյունքում: