Աշակերտները և ուսուցիչները կկարողանան անվճար թանգարաններ հաճախել, իսկ բանտարկյալնե՞րը

Ապագայում կմտածեն նաև կալանավորների մշակութային պահանջների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Աշակերտներն ու ուսուցիչները տարեկան երեք անգամ կկարողանան անվճար թանգարաններ հաճախել։ Գրանցման համապատասխան համակարգ կմշակվի Dasaran.am (ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների աջակցմամբ ստեղծված կրթական պորտալ) կայքում։

Ապրիլյան պատերազմի մասնակիցները ՀՀ բուհերում զեղչ կստանան

Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք չի կարելի նման աբոնեմենտ սահմանել նաև համերգներ և թատրոններ այցելելու համար։

«Թանգարանների պարագայում ավելի հեշտ է։ Այնտեղ օրինակ, դահլիճի ծանրաբեռնվածության խնդիր չկա։ Սակայն աշակերտների համար ծրագրեր կան նաև թատրոնների և համերգների համար», – պարզաբանեց Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր հերթին հիշեց նաև բանտարկյալների մշակութային պահանջմունքների մասին։

«Գուցե, բանտեր և՞ս պետք է արվեստի գործեր բերել ցուցադրության», – ավելացրեց նա։

Այս նախաձեռնությունը կառավարությունը նույնպես որոշեց քննարկել ապագայում։