Ղազախստանը չի ցանկանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թողնել Ռուսաստանին. փորձագետ

Քաղաքագետը կարծում է, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջև պայքարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար կարող է կազմակերպությունում հանգեցնել ճգնաժամի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Աստանան և Մինսկը չեն ցանկանում, որպեսզի գլխավոր քարտուղարի պաշտոնում մնա Ռուսաստանի ներկայացուցիչը, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը։

Փաշինյանի մամուլի խոսնակը հերքում է Ղազախստանի նախագահին

Ավելի վաղ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Նազարբաևը հանդիպել է Բելառուսի Ազգային անվտանգության պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում կազմակերպության անդամ երկրները որոշում են ընդունել աջակցել Ալեքսանդր Զասի թեկնածությանը, որին առաջարկել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նազարբաևը կարծում է, որ բելառուսցի թեկնածուն ունի բոլոր անհրաժեշտ հմտությունները և գիտելիքները` այդ պաշտոնում աշխատելու համար։ 

Նազարբաևը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցել է Բելառուսի թեկնածուին

«Ակնհայտ է, որ ընթանում է դիրքորոշումների պայքար։ Ղազախստանը և Բելառուսը ցանկանում են ամեն ինչ անել, որպեսզի գլխավոր քարտուղար լինի Մինսկի թեկնածուն, այլ ոչ թե մնա Ռուսաստանի ներկայացուցիչը», – ասաց Բոզոյանը։

Նրա կարծիքով, եթե Բելառուսը և Ղազախստանը շարունակեն պնդել, իսկ Հայաստանը դեմ քվեարկի Մինսկի թեկնածությանը, ապա ՀԱՊԿ–ին ճգնաժամ է սպասում։

«Դժվար է ասել, թե որքան հեռու կգնա այդ ճգնաժամը։ Դրանից շատերը կարող են հեռուն գնացող հետևություններ անել», – ասաց քաղաքագետը։

Նրա կարծիքով` Հայաստանն այդ հայտարարությանը չպետք է պատասխանի հանրային դաշտում և շարունակել խաղալ նյարդերի վրա։ Նա կարծում է, որ Երևանը պետք է լուծի այդ հարցը աշխատանքային կարգով։

«Եթե Հայաստանի և Բելառուսի միջև այդ դուելը շարունակվի, ապա այն, ի վերջո, չի նպաստի մեր շահերին», – ասաց Բոզոյանը։

Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի նոր իշխանության հետ

Նշենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն արդեն մեկնաբանել է Նազարբաևի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6–ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել էր, որ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմի վերաբերյալ և տեղեկացրել, որ կազմակերպությունը կգլխավորի Բելառուսի ներկայացուցիչը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղարն այդ տեղեկությունը հերքել էր` պարզաբանելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի որոշվել։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը։