Քաթինան դարձել է «Ավրորա» նախաձեռնության նախագահ, Դեմոյանը հայտնվել է ղեկավար թիմում

«Ավրորայի» մարդասիրական նախաձեռնության թիմում փոփոխություններ են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության hամահիմնադիրների որոշմամբ՝ 2017թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր, ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինան կգլխավորի «Ավրորա» համաշխարհային շարժումը։

Ի՞նչ է Հայաստանից Քենիա տանելու բժիշկ Քաթինան

Նշանակման մասին ազդարարվել է Բեռլինում անցկացվող Aurora Dialogues քննարկումների ընթացքում։ Քաթինայի գործունեության շրջանակը ներառում է ոլորտի կարևորագույն ներկայացուցիչների ներգրավումը, աշխատանքն աշխարհասփյուռ գործընկերների հետ, «Ավրորայի» կրթական և հանրային իրազեկման նախագծերի ղեկավարումը՝ ներառյալ միջազգային ճանաչում ունեցող «Ավրորա» մրցանակը։

«Ավրորայի» ղեկավար թիմում ևս մեկ փոփոխություն է տեղի ունեցել․ նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն է նշանակվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, որը 2011-2015թթ. եղել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարը։ Հայկ Դեմոյանը հեղինակ է հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով լույս տեսած բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների։ Հիշեցնենք, որ Դեմոյանը նախկինում ղեկավարում էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Քաթինան դարձել է «Ավրորա» նախաձեռնության նախագահ, Դեմոյանը հայտնվել է ղեկավար թիմում

2017թ․ մայիսին բժիշկ Քաթինան «Ավրորա» մրցանակի դափնեկիր հռչակվեց՝ Նուբա լեռներում իր անձնուրաց աշխատանքի համար։ 2008թ․-ից լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը «Գթության մայր» հիվանդանոցում, որի համահիմնադիրն է: Նա սպասարկել է ավելի քան կես միլիոն մարդկանց՝ բուժօգնություն տրամադրելով թե՛ տարատեսակ առողջական խնդիրներ ունեցող հիվանդներին, թե՛ պատերազմի վիրավորներին։

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը Թոմ Քաթինային հիշեցրեց իր ցավի մասին. ֆոտոշարք

Վերջին տասը տարիներին Քաթինան բնակվում է Սուդանի պատերազմական գոտում, որտեղ մարդասիրական օգնությունն արգելված է։ Տեղացիների շրջանում նա հայտնի է որպես «բժիշկ Թոմ»։ Թոմ Քաթինան գործունեությունն այժմ շարունակելու է իբրև նույն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն՝ աշխատելով բժիշկների անձնակազմի հետ, որոնց ֆինանսավորում է Կաթոլիկ բուժառաքելության խորհուրդը՝ Աֆրիկյան առաքելությունների առողջապահական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կազմում ստանձնած նոր պարտականություններին զուգահեռ՝ Քաթինան շարունակելու է մնալ և աշխատել Նուբա լեռներում։

2015թ․ Time ամսագիրը Քաթինային ճանաչել է աշխարհի «100 ամենաազդեցիկ մարդկանցից» մեկը։ Նրան պատվավոր դոկտորի կոչում են շնորհել ԱՄՆ Բրաունի և Երևանի պետական բժշկական համալսարանները։ Նախկինում ռազմական վիրաբույժ է եղել ԱՄՆ ռազմաօդային ուժերում։

«Ավրորան» ստեղծվել է երեք տարի առաջ և այդ ժամանակից ի վեր մեծ ազդեցություն ունեցել տեղահանված անձանց, հակամարտության գոտիներում գտնվող երեխաների, փախստականների, միգրանտների և այլ խոցելի իրավիճակներում հայտնված քաղաքացիների կյանքում։ 2016թ.-ից «Ավրորա» մրցանակը շուրջ 3.3 միլիոն դոլար է շնորհել մերօրյա հերոսներին` մարդասիրական օգնության 11 ոլորտներում աջակցել 23 նախագծերի իրականացմանն՝ ամբողջ աշխարհում։ Այս տարի «Ավրորա» մրցանակն օգնել է ավելի քան 375,000 ռոհինջա փախստականների։ Մինչ օրս «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտության և այլ կրթաթոշակներ է հատկացրել հակամարտության գոտիներից 62 ուսանողի, ինչը նրանց թույլ է տվել կրթություն ստանալ Միավորված աշխարհի քոլեջների (UWC) միջազգային ցանցում և Հայաստանի ամերիկյան համալսարանում։