ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ դատարանը որոշում է կայացրել, ըստ որի` մինչև այժմ գործող որոշ սահմանափակումներ ԵԱՏՄ երկրների մարզիկների համար չեղյալ են համարվում:
Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, այսուհետ խաղային բոլոր մարզաձևերում ԵԱՏՄ երկրների մարզիկների համար սահմանված է սպորատային աշխատանքային միասնական շուկա: Հետևաբար, արդեն հայ մարզիկները ԵԱՏՄ երկրներում լեգիոներ չեն համարվելու:
Օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Պավել Կոլոբկովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո, հայտարարեց, որ միայն բելառուս մարզիկների համար են վերացվելու սպորտային շուկայի սահմանափակումները, քանի որ ՌԴ-ն և Բելառուսը ունեն միասնական պայմանագիր, որում այլ իրավական հիմքեր են սահմանված:
Բայց ԵԱՏՄ երկրների ընդհանուր պայմանագրի համաձայն` այս ամենը պետք է վերաբերեր ոչ միայն բելառուս մարզիկներին: Ու հենց այդ պատճառով էլ ԵԱՏՄ դատարանը իր որոշմամբ պարտադրում է սահմանափակումները վերացնել նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների մարզիկների համար:
Կոնկրետ Հայաստանի համար ԵԱՏՄ դատարանի որոշումը շատ կարևոր է նախևառաջ ֆուտբոլիստների հետ կապված: Երկար ժամանակ ՀՖՖ-ն ուզում էր մեր հավաքականի դարպասում տեսնել Դավիթ Յուրչենկոյին, բայց ազգային հավաքական ընդգրկվելով և ՀՀ անձնագիր ունենալով, նա Ռուսաստանում կհամարվեր լեգիոներ։ Նույնը վերաբերվում է նաև հայկական արմատներով մի շարք այլ ֆուտբոլիստների, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի առաջնություններում:
Կոնկրետ հիմա մեր հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանն ու Արթուր Սարկիսովը, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Ուրալում» և «Ենիսեյում», այլևս ՌԴ-ում լեգիոներ չեն համարվելու: Բայց այս ամենը արդեն որպես փաստ ընդունելու համար հարկավոր է, որպեսզի Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ընդունի ԵԱՏՄ դատարանի որոշումը որպես հիմք ու տա օրինական ընթացք: