ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի հայրը մինչև 12 տարեկանն ապրել է Գյումրիում և ՀՀ Լոռու մարզի Պուշկինո ռուսական գյուղում։ Մաեստրոն մեծացել է մանկության հեքիաթային երկրի մասին պատմություններ լսելով և միշտ ցանկացել է այցելել Հայաստան։ Մի քանի տարի առաջ ցանկությունն իրականացել է, և երաժշտի ընտանիքը Հայաստան է եկել։ Բնականաբար, եկել էին գտնելու այն ամենն, ինչ ընտանեկան արխիվի անբաժանելի մաս է դարձել։
«Պուշկինոյում մենք գտանք այն տնակը, որը ծնողներս վարձել էին, երբ ապրում էին այնտեղ։ Գյումրիում ամեն ինչ այլ էր։ Մենք լուսանկար ունենք, որի վրա հայրս պատկերված է տան աստիճանների վրա նստած։ Այսօր տունը չկա։ Այն քանդված է, սակայն աստիճանը մնացել է։ Մենք նրան լուսանկարեցինք այդ աստիճանի վրա, և երկու լուսանկարն էլ այսօր զարդարում են մեր տունը», – պատմում է կոմպոզիտորը` չբացառելով, որ այս պատմությանը ստեղծագործություն կնվիրի։
Միայն հայրը չէ, ով կապում է կոմպոզիտորին Հայաստանի հետ։ Շորի ստեղծագործությունները ներառվել են հայտնի հայ կատարողներ` թավջութակահար Նարեկ Հախնազարյանի, դաշնակահարուհի Նարե Արղամանյանի, ջութակահար Հայկ Ղազազյանի, կլարնետահար Բորիս Ալավերդյանի և շատ ուրիշների երգացանկում։
Ինքը` կոմպոզիտորը, հայ երաժիշտներին շատ տաղանդավոր է համարում։ Ըստ նրա`Հայաստանում կայացած երաժշտական ավանդույթներ կան, և հանդիսատեսը ոչ միայն սիրում է երաժշտությունը, այլև հասկանում այն։
«Լինում են երկրներ, որտեղ նվագախումբը նվագում է ճոխ, սակայն կիսադատարկ դահլիճներում։ Հայաստանում ամեն ինչ այլ կերպ է։ Երբ առաջին անգամ եկա շոգ ամառ էր, սակայն դահլիճը լեփ–լեցուն էր։ Նայում էի, թե ինչպես էին մարդիկ դահլիճում երաժշտություն լսում, և հաճույք էի ստանում։ Այնքան հաճելի է, երբ ունկնդիրը հասկանում և գնահատում է ստեղծագործությունդ», – նշեց նա։
Կոմպոզիտորը չի մտածում, թե ինչ ուղերձ պետք է ունենա իր երաժշտությունը, սակայն ուզում է, որ այն հաճույք պատճառի և դիպչի հոգիներին։ Նրան առավել հոգեհարազատ է XVIII - XIX դարերի երաժշտությունը։ Նա անկեղծ խոստովանում է, որ իր սիրտն այնտեղ է, մարդկության անցյալում։ Ամենից շատ նրան ոգեշնչում են Բախն ու Մոցարտը, սակայն Բիթլզի հանդեպ մաեստրոն ևս անտարբեր չէ։ «Երաժշտության գրավչությունն այն է, որ ցանկացած երաժիշտ միևնույն ստեղծագործությունը յուրովի է նվագում, նույնիսկ միևնույն երաժիշտը, տրամադրությունից կախված, այլ կերպ է նվագում, և այն առավել գեղեցիկ է հնչում, կիսատ, կամ տարօրինակ գեղեցիկ»,– համոզված է Շորը։
Նա երաժշտական գործիքներ չի նվագում։ Միայն դաշնամուր, այն էլ` ոչ շատ և վերջ։ Ստեղծագործելու համար նրան միայն տրամադրություն է պետք, ուրիշ ոչինչ։ Շորը հիշեց, որ իր առաջին ստեղծագործությունները ծնվել են հույզերի և զգացմունքների առանձնահատուկ պոռթկման շնորհիվ։ Նա մոր ծննդյան օրվան նվիրված «Happy Birthday» երգի մեկ այլ տարբերակ է գրել։ Այնուհետև նրա ընկերը` ալտահար Դևիդ Քարփենթերը, նկատել է նոտաներով թերթիկն ու ցանկացել կատարել գրված ստեղծագործությունը։ Այդպես էլ սկսվել է նրա կոմպոզիտորական գործունեությունը։