ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Թել Ավիվի քաղաքապետարանը հատուկ «եվրագյուղ» կկառուցի Եվրատեսիլի բացման կապակցությամբ, որը տեղի կունենա 2019թ–ի մայիսին, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է քաղաքապետի խորհրդական Իլանա Միխաելին և այլ մանրամասներ պատմել երգի միջազգային մրցույթին նախապատրաստվելու մասին։
Իսրայելը երկու անգամ դարձել է եվրոպական մրցույթն ընդունող երկիր` 1979թ–ին և 1999թ–ին, որը տեղի է ունեցել Երուսաղեմում։ Եկող տարի առաջին անգամ «Եվրատեսիլը» կընդունի Թել Ավիվը, պարզաբանել է Միխաելին։
«Մրցույթը կանցկացվի «Գանեյ-Տաարուխա» արդիականացված ցուցահանդեսային կենտրոնում, որը փորձերի ու համերգների ժամանակ կվերածվի բեմահարթակի ու հանրության համար նախատեսված դահլիճի, որոնք կտեղավորեն 9 հազար հանդիսականների: Մայիսի 14-ին և 16-ին տեղի կունենան համապատասխանաբար կիսաեզրափակիչները, իսկ մայիսի 18-ին կկայանա գլխավոր իրադարձությունը՝ եզրափակիչն ու հաղթողների պարգևատրումը», – պատմել է գործակալության զրուցակիցը։
Թել Ավիվի քաղաքապետարանը, բացի մրցույթի անմիջական կազմակերպումից, մտադիր է մի շարք հետաքրքիր միջոցառումներ անցկացնել: Միխաելիի խոսքով՝ Չարլզ Կլորի զբոսայգում՝ ծովափին, հյուրերի համար կստեղծվի «եվրագյուղ», որտեղ տասն օրվա ընթացքում նոն-ստոպ ռեժիմով կանցկացվեն համերգներ բաց հարթակներում, տարբեր թեմատիկ ուղղվածության երեկույթներ, այնտեղ «եվրատեսիլի» սիրահարները հավանաբար կհանդիպեն այդ մրցույթի նախորդ ու ներկա աստղերին:
Քաղաքագլխի խորհրդականը ճշտել է, որ «Եվրատեսիլ-2019»-ը կլուսաբանեն շուրջ 1500 լրագրողներ, որոնց համար մամուլի կենտրոն կկառուցվի ցուցահանդեսային համալիրի տարածքում: