Ստեփանավանի հիվանդանոցի նախկին տնօրենը կհայտնվի մեղադրյալի աթոռին

Պաշտոնյան ինքն իր հետ գործարքներ է կնքել, կեղծ փաստաթղթեր ստորագրել ու յուրացրել հիվանդանոցի փողերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Ստեփանավանի հիվանդանոցի նախկին տնօրենի գործն ուղարկվել է դատարան։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիքի ու յուրացման համար։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ինչպես են համայնքներում յուրացրել պետության գումարները. ԱԱԾ նոր բացահայտումները

Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին տնօրենը 2016թ. հունվարի 25-ից մինչև 2017թ. հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում իր մտերիմ Է. Հ.-ին պատկանող Ա/Ձ-ի հետ կնքված պայմանագրերով կեղծ հաշիվ-ապրանքագրեր է դուրս գրել, որոնց հիման վրա Ա/Ձ-ին փոխանցված գումարները հետագայում անձամբ ստացել ու յուրացրել է։

Հետո իր ստորագրությամբ վավերացրել է կեղծ հաշիվ– ապրանքագրերով իբր ստացած ապրանքները հիվանդանոցի կարիքների համար օգտագործելու մասին կեղծ հաշիվ–ապրանքագրեր:

«Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` պաշտոնեական կեղծիք և յուրացում։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքննության ընթացքում տնօրենը կամովին վերականգնել է պետությանը պատճառած վնասը։

Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: