Queen խմբի երգը XX դարի ամենահայտնի ստեղծագործությունն է դարձել

Բրիտանական Queen ռոք խմբի Bohemian Rhapsody–ն սթրիմինգային ծառայություններում դարձել է անցած դարի ամենահայտնի երգը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Բրիտանացի Queen ռոք խմբի «Bohemian Rhapsody»–ն դարձել է XX դարի ամենահայտնի ստեղծագործությունը։ Այս մասին Twitter–ի իր էջում հայտնել է Universal Music Group (UMG) երաժշտական հսկան։

​Սթրիմինգային ծառայություններում երգը լսել են ավելի քան 1.5 մլրդ անգամ։

Ստեղծագործության տարածման հարցում մեծ դեր է խաղացել 2018 թվականին նկարահանված «Bohemian Rhapsody» ֆիլմը, որը ներկայացնում է Queen–ի ստեղծման պատմությունը։ Երկու «Ոսկե գլոբուսի» առաջադրված ֆիլմն ամբողջ աշխարհում 596 մլն դոլար է հավաքել։

A Night At The Opera ալբոմի Bohemian Rhapsody երգը, որը 1975 թվականին գրել է Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերքյուրին, դարձել է ռոք երաժշտության ամենավաճառվող ստեղծագործություններից մեկը։

Երգը տարբերվում է երաժշտական արտասովոր կառուցվածքով` ակապելա, բալլադ, օպերա, ռոք, որոնք սահուն միահյուսվում են իրար և ավարտվում վերջերգով։ Երաժշտական ստեղծագործությունը երեք անգամ ընդգրկվել է Billboard–ի Hot 100 ցանկում` 1975 թվականին, 1992-ին և 2018–ին։