ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Միջազգային կազմակերպություններում` ՀԱՊԿ–ում, ԵԱՏՄ–ում և ԱՊՀ–ում, որոնց անդամ է Ռուսաստանը, անդամ երկրներից ոչ մեկը գերիշխող դիրք չունի, բոլորն ունեն հավասար իրավունքներ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ղազախական «Խաբար» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Մեր ընդհանուր «տանը»` ՀԱՊԿ–ում, ԵԱՏՄ–ում, ի տարբերություն մյուս դաշինքների, օրինակ` ՆԱՏՕ–ի, ոչ մի հարկադրանք չկա։ Մենք երբեք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում», – ասել է Լավրովը։
Նա օրինակ է բերել այն հանգամանքը, որ այդ միությունների անդամ երկրները «երբեմն տարբեր կերպ են քվեարկում ՄԱԿ–ում կարևոր քաղաքական հարցերի շուրջ»։
Միաժամանակ, Լավրովի խոսքով, ՆԱՏՕ–ում բռնապետություն է հաստատվել, որտեղ «ամբողջական փոխզիջման» են հասնում շանտաժով, ճնշումով կամ սպառնալիքներով։
«Մենք գիտենք, թե ինչ գնով են փոխզիջում ապահովում ՆԱՏՕ–ում։ Դա գործընկերային, ընկերական մոտեցում չէ, այլ պարտադրանք։ Այո, այնտեղ կա փոքրամասնություն, որը միշտ պատրաստ է լսել «ավագ ընկերոջը», իսկ մնացածներին ուղղակի համոզում են, ստիպում սպառնալիքներով», – նշել է Լավրովը։
Նախարարի խոսքով` առանձին ռուս լրագրողների կարծիքները, որոնք ՀԱՊԿ անդամ երկրներին քննադատում են սիրիական ճգնաժամին «չմիջամտելու» համար, չեն համընկնում ռուսական պետության ղեկավարության կարծիքի հետ։ Միաժամանակ, դիվանագետը նշել է, որ Սիրիայի հարցում մարդասիրական առանձին նախագծերն արդեն քննարկվում են և իրագործվում դաշնակիցների հետ համատեղ։
«Վերջերս մենք մեր հայ գործընկերների հետ մշակել ենք համատեղ ակցիա` սիրիացի ժողովրդի համար ռուսական ինքնաթիռներով հայկական մարդասիրական օգնություն առաքելու համար։ Ես համոզված եմ, որ Ղազախստանը նույնպես շահագրգռված է նման մարդասիրական նախաձեռնություններին մասնակցելու հարցում։ Մենք դա քննարկում ենք Ղազախստանի և ՀԱՊԿ այլ երկրների մեր գործընկերների հետ», – ասել է Լավրովը։
ՀԱՊԿ–ի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։