Կիսաընդդիմություն. ո՞վ կլինի Փաշինյանի օպոնենտը

ԲՀԿ–ն և «Լուսավոր Հայաստանը» կկարողանան որոշումների վրա ազդել միայն սահմանադրական օրենքների քննարկման դեպքում, հենց այդ ժամանակ էլ կերևա իրենց ընդդիմադիր լինելու աստիճանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի հիմնական ընդդիմախոս և քննադատ ՀՀԿ–ն դուրս մնաց ԱԺ–ի մանդատների համար մղվող մրցապայքարից։

Դե պինդ բռնվեք. Շարմազանովը Փաշինյանին խոստանում է լինել իրական ընդդիմություն

Նախընտրական քարոզարշավի ընթացքում խորհրդարան անցած երկու ուժերը` ԲՀԿ–ն և «Լուսավոր Հայաստանը» որպես ընդդիմություն իրենց ներկայացնել չէին շտապում։ Հաճախ հնչում էր «այլընտրանք» բառը։

Ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իր ուժը ինստիտուցիոնալ ընդդիմություն կլինի 7-րդ գումարման խորհրդարանում և պատրաստ է համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ։

Sputnik Արմենիան փորձագետների հետ զրուցել է նոր հայկական ընդդիմության ապագայի մասին։

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը նշեց, որ «այլընտրանք» բառը քաղաքագիտական տերմինաբանության մեջ այդքան էլ հիմնավորված չէ։  Այն ուժերը, որոնք կառավարություն կազմելուն չեն մասնակցի, այսպես թե այնպես, ընդդիմություն են լինելու։

Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ. ՀՀԿ

«Եթե նրանք ուզում են գործոն դառնալ երկրի քաղաքական դաշտում, նրանք ընդդիմություն կլինեն։ Այլ հարց է, թե նրանք չափավո՞ր, թե՞ ռադիկալ ընդդիմություն կլինեն» – նշեց Գալստյանը։

Նա չի կարծում, որ երկու ուժերից որևէ մեկն իրեն խորհրդարանում ներկայացնելու է որպես ռադիկալ ուժ։ Խոսքը, ըստ ամենայնի, չափավոր  ընդդիմության մասին է լինելու։ Այլ հարց է, թե որքան արդյունավետ կլինի նրանց գործունեությունն այդ դաշտում։

Երկու կուսակցություններից ոչ մեկը օրենսդրական գործընթացների վրա էական ազդեցություն չի կարողանա ունենալ։ Սակայն բացառիկ դեպքեր կլինեն, կապված սահմանադրական օրենքների փոփոխման հետ, երբ կպահանջվի ձայների 2/3–ը։

«Այդ ժամանակ նրանք կկարողանան քաղաքական առևտուր անել, պնդել իրենց դիրքորոշումը։ Այդ ժամանակ պարզ կլինի նրանց իրական ընդդիմադիր լինելը», – ասաց Գալստյանը։

Նա չի կարծում, որ ապագայում ռադիկալ ընդդիմության անհրաժեշտություն կառաջանա։  Հայաստանին, քաղաքագետի կարծիքով, կառուցողական ընդդիմադիր ուժ է պետք։

«Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների». ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել

Չէ՞ որ և՛ իշխանամետ, և՛ ընդդիմադիր ուժերը առաջնային օրակարգ ունեն` երկրի դեմ ծառացած խնդիրների լուծում։ Միայն դրանից հետո, երկրորդական օրակարգի շրջանակում նրանք պետք է հետևեն նեղ կուսակցական շահերին։

Գալստյանը հույս հայտնեց, որ ՀՀԿ–ին փոխարինած «Իմ քայլը» որպես դոմինանտ քաղաքական ուժ նպաստելու է կուսակցությունների միջև երկխոսության ձևավորմանը, այլ ոչ թե առճակատմանն ու նրա կողմից դիկտատի։

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նույնպես կարծում է, որ ելնելով ներկայիս քաղաքական իրավիճակից, քաղաքական ուժերից ոչ մեկը չի ցանկանում հանդես գալ որպես ընդդիմություն «Իմ քայլը» դաշինքի նկատմամբ, որը մեծ լեգիտիմություն և զգալի սոցիալական ու քաղաքական կապիտալ ունի։

«Մյուս կողմից, մեծամասնություն ստացած քաղաքական ուժը հայտարարում է, որ կոալիցիոն գործընկերներ նրան պետք չեն», – ասաց Մարկարովը։

«Ծառուկյան» դաշինքի մոտ ավանդույթ է ձևավորվել իրեն ներկայացնելու որպես այլընտրանք։ Քաղաքականության մեջ, սովորաբար այդպիսի բան չի լինում, սակայն նման հայտարարություններ այնուամենայնիվ հնչում են։

Ընտրությունները «թավշյա հեղափոխությունից» առաջ և հետո. ո՞րն է տարբերությունը

Նրանք շարունակելու են այն քաղաքականությունը, որն առաջարկում էին մինչ այդ` շեշտը դնելով սոցիալական քաղաքականության կոնկրետ ուղղությունների վրա, առաջարկելով սոցիալական լարվածության նվազեցման և քաղաքացիների կյանքի բարելավման տարբեր ճանապարհներ։

«Դա ընդդիմություն անվանելը դժվար է։ Որոշակի հարցերի վերաբերյալ նրանք անհամաձայնություն են արտահայտելու, սակայն ամենակարևորն այն է, թե ինչպես նրանք կքվեարկեն։ Դա ակնհայտ ցուցանիշ է», – նշեց Մարկարովը։

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», ապա նրա նախընտրական քարոզարշավը կառուցվում էր ոչ որպես «Իմ քայլը» դաշինքի ռադիկալ ընդդիմություն։

Նա կարծես թե աջակցում է իշխանությունների քաղաքականությանը, սակայն միևնույն ժամանակ նաև ընդդիմություն է։

Սա, Մարկարովի խոսքով, ձեռնտու է իշխանությանը, քանի որ ընդդիմությունը նրան այդքան էլ ուժեղ չի քննադատում և լուրջ խնդիրներ չի ստեղծում։  Հարմար սպարինգ–պարտնյոր լինելը ձեռնտու է այս պարագայում նաև «ընդդիմությանը»։

«Մենքը» ապագա Ազգային ժողովը միաբևեռ է որակում

«Խորհրդարանում դա դրսևորվելու է տակտիկական տարաձայնությունների,  սակայն միևնույն ժամանակ՝ ռազմավարական գործընկերության տեսքով», – նշեց Մարկարովը։

Այլ հարց է` արտախորհրդարանական ընդդիմությունը։ Կարճ, սակայն խիստ նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀԿ–ն իրեն ներկայացնում էր որպես միակ իրական ընդդիմություն։ Սակայն հարց է առաջանում, արդյո՞ք նրանք կկարողանան պահպանել իրենց համախմբվածությունը և հանդես գալ որպես գործող իշխանություններին քննադատող հիմնական  ուժ։

Մյուս կուսակցությունները նույնպես փորձում են իրենց ներկայացնել որպես այլընտրանք կամ ընդդիմություն գործող վարչապետի նկատմամբ։

Սաքունց.«Խախտումները վերաբերել են ցուցակներում մահացած անձանց առկայությանը»

Այս հարցում շատ բան կախված է նրանից, որքանով հաջող քաղաքականություն կտանի իշխանությունը, և ինչպես նրա հասցեին հնչած քննադատությունը կազդի հասարակական կարծիքի վրա։

Նշենք, որ ԿԸՀ–ի նախնական տվյալներով, ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների 4.70%–ը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը` 0.68%–ը, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը` 3.89%–ը, «Իմ քայլը» դաշինքը` 70.43%–ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը`  6.37%–ը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0.51%–ը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0.33%–ը, «Մենք» դաշինքը` 2. 00%–ը, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0.99%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1.82%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8.27%–ը։