ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. ՀՀԿ քաղաքական պարտությունից առավել կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովին վշտացնում է ապագա խորհրդարանում իրական ընդդիմության բացակայությունը։ Այս մասին նա ասել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Որքան էլ ԲՀԿ–ն կամ «Լուսավոր Հայաստանը» (մեծ հարգանք ունենալով նրանց որոշ գործիչների նկատմամբ) խոսեն, որ իրենք ընդդիմություն են, չի կարող Փաշինյանին ծափահարող ուժը լինել ընդդիմություն, չի կարող դեբատի ժամանակ Փաշինյանին մի կես կծու խոսք չասած ուժը լինել ընդդիմություն, այն դեպքում, երբ այս 7 ամիսների ընթացքում Փաշինյանը երկիրը կառավարել է խայտառակ հակաժողովրդական մեթոդներով»,– ասաց նա։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքն ու քարոզչությունը ևս ՀՀԿ խոսնակը գնահատում է «խայտառակ վատ»` նշելով, որ առաջին իսկ օրվանից գործադրվել է վարչական ռեսուրս, պետության վարչապետը ճնշում է գործադրել համայնքապետերի նկատմամբ։
«Վզներիցդ կբռնեմ, ասֆալտին կփռեմ, կպառկեցնեմ գետնին. սա ուղղակի հակաժողովրդավարական հայտարարություն էր։ Ես չեմ հիշում, որ ո՛չ Լևոն Տեր–Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի օրոք նման բան լիներ։ Ու այդ հանրապետական համայնքապետերը ո՞նց էին Հանրապետականին ձայն տալու»,– ասաց Շարմազանովը։
Նա նշեց, որ, ի հեճուկս Փաշինյանի հայտարարությունների, թե ՀՀԿ–ին անգամ իրենց ընտանիքների անդամները ձայն չեն տալու, ՀՀԿ–ն ամենաշատը ձայն է հավաքել Լոռու մարզում և Երևանում, որտեղ պաշտոնական արդյունքներով երրորդ տեղում է։
«Սա խոսում է մի շատ կարևոր բանի մասին` դեկտեմբերի 9-ը Հանրապետականի պարտության օրը չէ, դեկտեմբերի 9-ը Հանրապետականի վերածննդի և նոր հաղթանակի օրն է»,– ասաց Շարմազանովը` հայտարարելով, որ ՀՀԿ–ն տեր է կանգնելու իր 60 000 ձայներին։ Փաշինյանին «ոչ» ասած 60 000 քաղաքացիներն այսօր Շարմազանովի խոսքով, իրենց համար երեկվա 600 000–ի արժեքն ունեն։
Անկախ ընտրություններում գրանցած արդյունքից՝ ՀՀԿ–ն շարունակելու է պայքարը որպես արտախորհրդարանական ընդդիմություն։ Իսկ Փաշինյանին ՀՀԿ խոսնակը զգուշացնում է. «Դե, պինդ բռնվեք։ Դուք ձեր գործն արեք։ Լավ գործ կանեք, դրականը կասենք, վատ գործ կանեք, կմատնանշենք ձեր պրոբլեմներն ու սխալ քաղաքականությունը»։
Հիշեցնենք, դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով, «Իմ քայլը» դաշինքը ստացել է ձայների ` 70.43%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8.27%–ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6.37%–ը։
ՀՀԿ–ն ստացել է 4.7%` չհաղթահարելով ԱԺ մուտքի համար անհրաժեշտ 5 տոկոսի արգելքը։
5 տոկոսանոց ցածր ձայներ են ստացել նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը` 0.68%, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը` 3.89%, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0.51%, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0.33%, «Մենք» դաշինքը` 2%, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0.99%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1.82%–ով։