ՀՀ ՊՆ թեժ գծով խախտումների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել

Ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրությունների կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը` դեկտեմբերի 9-ին, ժամը 08:00 մինչև 20:00 գործող է ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 55 զանգ, որոնք հիմնականում վերաբերել են ընտրությունների կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին:

ՀՀ խորհրդարանական ընտրություններին ձայներ չեն գնվել. Եվրախորհրդարանի ներկայացուցիչ

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից և հայտնում, որ զանգերի մոտ 35%-ը ՊՆ իրավասությունից դուրս հարցեր են եղել և քաղաքացիներն ուղղորդվել են այլ գերատեսչություններ: Քաղաքացիներին տրվել են համապատասխան պարզաբանումներ:

«Ահազանգեր են եղել այն մասին, որ զինծառայողները ընտրական տեղամաս են մտնում շարային կարգով, սակայն տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձևավորվել է թյուրիմացաբար և խոսքը վերաբերում է հերթով ու խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը:

Բարձրացվել է արձակուրդում  գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների քվեարկության կազմակերպման հարցը: Պարզաբանվել է, որ այդ մասով առկա են որոշ իրավական բացեր, ուստի առաջարկն ընդունվել է ի գիտություն և համակարգային լուծումներ գտնելու նպատակով կքննարկվի իրավասու կառույցների հետ»,–ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Պաշտպանական գերատեսչությունից տեղեկացնում են նաև, որ խախտումների վերաբերյալ ՀՀ ՊՆ թեժ գծով ահազանգեր չեն ստացվել: