ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Նոր իշխանությունների քաղաքականությունը ցույց է տվել, որ Հայաստանում տեղի ունեցածը «գունավոր հեղափոխություն» չէր, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպած տեսակամրջի ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր, ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը։
Նրա խոսքով` ընտրություններից հետո ՀՀ իշխանություններից Ռուսաստանի հետ հարաբերություններում ռադիկալ քայլեր ակնկալել չարժե։ Իշխանափոխությունից հետո ապրիլ–մայիս ամիսներին Մոսկվայի հետ արդեն որոշակի հարաբերություններ ձևավորվել են։
«Ակնհայտ է, որ բազմաթիվ խնդիրներ կան, սակայն կան նաև նոր հնարավորություններ, որոնք մասամբ օգտագործվել են», – ասաց Կրիլովը։
Փորձագետը կարծում է, որ սկզբում Հայաստանում տեղի ունեցածը դիտարկվում էր որպես հերթական գունավոր հեղափոխություն (ինչպես, օրինակ,Վրաստանում, Ուկրաինայում)։ Սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ դա այդպես չէ։
«Դա դրսևորվեց Սիրիայի կենսալաբորատորիաների նկատմամբ Հայաստանի դիրքորոշման փոփոխման մեջ, ինչը նախկին իշխանությունների օրոք չի քննարկվել։ Եվ փոխվեց նաև հայկական մամուլի տոնայնությունը ռուսական թեմատիկան լուսաբանելու հարցում։ Նախկին իշխանությունների ժամանակ հրապարակումները բացասական և ընդգծված սկանդալային բնույթ էին կրում», – ասաց Կրիլովը։
Կրիլովն ապշած է այն փորձագետների հայտարարություններից, որոնք շարունակում են պնդել, որ թավշյա հեղափոխությունը «գունավոր» բնույթ էր կրում և Հայաստանը դեպի Արևմուտք է գնում։
Նա նշում է, որ մի շարք օրինակներ կան, թե ինչպես քաղաքական գործիչները մինչև իշխանության գալը մի բան են ասում, սակայն հետագայում այլ կերպ գործում։ Մասնավորապես, դա տեղի է ունենում, որովհետև նրանք սկսում են պետական շահով առաջնորդվել։
Հակառակ դեպքում, Կրիլովի կարծիքով, նրանք արտաքին ուժերի շահերի տարածող են դառնում և պետությունը, փաստորեն, կորցնում է իր ինքնիշխանությունը։
«Հայաստանում դա չենք տեսնում։ Կարելի է հուսալ, որ Հայաստանի ընտրությունները կհանգեցնեն նրան, որ իշխանություններն ավելի հետևողական կլինեն ազգային շահերի պաշտպանության հարցում`առանց նայելու խորհրդարանին, որը կարող է փորձել փչացնել ղեկավարության դիրքերը», – նշեց Կրիլովը։
Նրա կարծիքով` շատ կարևոր է մոտական ամիսներին լուծել արդիական հարցերը, օրինակ, ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը, որը Հայաստանում բավական սուր ընկալում ունի։
«ՀԱՊԿ–ի ներսում փոխգործակցության խնդիրն ամենևին էլ գլխավոր քարտուղարի հարցի հետ կապ չունի։ Դա կազմակերպության գործունեության և նրա հեղինակության բարձրացման հետ է կապված։ Կարելի է սպասել, որ այս ուղղությամբ որոշակի քայլեր կձեռնարկվեն։ Եթե ոչ, ապա ՀԱՊԿ–ը կվերածվի ԱՀՊ–ի անալոգի, «թուլակամ» կազմակերպության, որը չի կարողանա լուծել իր անդամների խնդիրները», – ասաց Կրիլովը։
Ինչպես նշեց ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի Կովկասի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշևը, առաջիկայում լուծում պահանջող խնդիրների թվում է երկու երկրների և պետական իշխանության մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության բարձրացումը։
«Երբ այս կամ այն որոշումների հանգեցնող պատճառներում անհամաձայնություն է առաջ գալիս (ինչը տեսանք ՀԱՊԿ և ԵԱՀԿ պետերբուրգյան գագաթնաժողովից առաջ), դատարկ տեղը անպետք տեղեկատվական լարվածություն է ի հայտ գալիս, որը կարող է բացասական հետևանքների հանգեցնել», – նշեց Արեշևը։
Նրա խոսքով` դա վերաբերում է պաշտոնաթող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ տեղի ունեցած միջադեպին։
Քաղաքագետը հույս հայտնեց, որ Հայաստանում իշխանական մարմինների ձևավորման հետ մեկտեղ խնդիրները կլուծվեն ի բարօրություն բոլորի։