Առանց լուրջ խախտումների. եվրոպացի դիտորդները գնահատել են ԱԺ ընտրությունները

Եվրոպացի դիտորդները վստահ են, որ ընտրական ընթացակարգերի հարցում Հայաստանը մեծ քայլ է արել դեպի առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ ընտրություններն անցել են հանգիստ ու առանց ընթացակարգի լուրջ խախտումների։

Սաքունց.«Խախտումները վերաբերել են ցուցակներում մահացած անձանց առկայությանը»

Այս մասին այսօր լրագրողներին ասաց Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական  առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը:

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են խաղաղ միջավայրում և համապատասխանել են միջազգային ստանդարտներին և տեղական օրենսդրությանը: Ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցել են բավական կազմակերպված, թեև կային որոշակի ընթացակարգային խախտումներ մի շարք ընտրատեղամասային հանձնաժողովների անդամների կողմից՝ հիմնականում տեղեկատվության պակասի պատճառով»,- ասաց Վույովիչը:

Բայց, ընդհանուր առմամբ, դիտորդի տեսակետից չի եղել ոչ մի այնպիսի բան, որը կասկած կհարուցեր ընտրությունների արդյունքի վերաբերյալ։ Հայաստանը ընթացակարգի պահպանման հարցում մեծ քայլ է արել դեպի առաջ։

Նա ավելացրեց, որ հիմա ընտրական համակարգի աշխատանքն ամբողջովին կախված է  լինելու ներկայիս իշխանության քաղաքական կամքից։

Թավշյա հեղափոխության «գունավոր» բնույթը չի հաստատվել. ռուս փորձագետ

«Նախընտրական քարոզարշավը իրականացվել է հավասար պայմաններում, և ընտրողները ընտրությունների ժամանակ կարողացել են արտահայտել իրենց կամքը: Բայց և՛ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ, և՛ բանավեճերի ընթացքում թեկնածուները հիմնականում  «թիրախավորում» էին միմյանց, անցնելով անձերի ու քիչ էին քննարկում ծրագրերն ու դրանց տարբերությունները»,- ընդգծեց Վույովիչը:

Նշենք, որ ԿԸՀ–ի նախնական տվյալներով, ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների 4.70%–ը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը` 0.68%–ը, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը` 3.89%–ը, «Իմ քայլը» դաշինքը` 70.43%–ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը`  6.37%–ը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0.51%–ը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0.33%–ը, «Մենք» դաշինքը` 2. 00%–ը, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0.99%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1.82%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8.27%–ը։