«Ես քվեարկել եմ առաջին անգամ». չափահաս դարձած քաղաքացիներին կրծքանշաններ են տալիս

Ընտրատեղամասերում ծափողջուններով ու շնորհավորանքներով են դիմավորում առաջին անգամ քվեարկող երիտասարդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանն առաջին անգամ մասնակցողներին հայկական եռագույնով կրծքանշաններ են նվիրում։

«Ես քվեարկել եմ առաջին անգամ», – գրված է կրծքանշանների վրա։

Ռաֆայել Փահլևանյանն անմիջապես քվեարկությունից հետո այդպիսի կրծքանշան ստացավ։ Ընտրական հանձնաժողովի անդամները շնորհավորեցին նրան առաջին քվեարկության կապակցությամբ ու ծափահարեցին։ Երիտասարդը խոստովանեց, որ պահը հուզիչ էր։

ԱԺ արտահերթ ընտրությունները. ինչ է կատարվում այս պահին. ուղիղ հեռարձակում

«Շատ ինքնատիպ անակնկալ էր։ Ես քվեարկեցի հանուն իմ ու իմ մտերիմների պայծառ ապագայի», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռաֆայելը։

ԿԸՀ-ն քվեարկողների համար 80 000 օրինակ կրծքանշան է պատրաստել։

ԱԺ ընտրությանը մասնակցում են 9 կուսակցություն, 2 դաշինք։ Ցուցակներում ընդգրկված են 1444 թեկնածու, որոնցից 12 –ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։

Հայաստանի ամբողջ տարածքում բացվել են 2010 ընտրատեղամասեր, դրանցից մի քանիսը` ՔԿՀ–ներում։ Իսկ այն քաղաքացիները, որոնք զրկված են տեղամաս այցելելու հնարավորությունից, իրենց ընտրությունը կկատարեն 41 շրջիկ արկղերի միջոցով։