Փաշինյանը պատմեց, թե ինչի մասին են գաղտնալսումների մոնտաժված հատվածները

Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց, որ ՀՀ դատական համակարգը երբեք այդքան անկախ չի եղել, որքան այսօր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Տասնյակ քաղաքացիներ սպանվել են, ապացույցները կեղծվել, բանակն ապօրինի կերպով ներգրավվել է ներքաղաքական պրոցեսների մեջ։ Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Մարտի 1-ի գործին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Քոչարյանի փաստաբանը խոստացավ հրապարակել Մարտի 1-ի աղմկահարույց հրամանը

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործով ու մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատական համակարգին անկախ լինել–չլինելուն, Փաշինյանը հայտարարեց, որ դատարանին որևէ ցուցում չի տրվել։

«Հեռախոսազրույցների` դա ապացուցող մասերը կտրված են, մոնտաժված։ Հայտարարում եմ պաշտոնապես, որ ՀՀ դատական համակարգը երբեք այդքան անկախ չի եղել, որքան այսօր»,– ասաց վարչապետի պաշտոնակատարը` անդրադառնալով իր և իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսային խոսակցությունների հրապարակված գաղտնալսումներին։

«Եթե դա իշխանության կողմից կազմակերպված օպերացիա էր, ԱԱԾ տնօրենը Շվեյցարիայում չէր լինի, վարչապետը Սանկտ Պետերբուրգում չէր լինի։ Մենք ընդհանրապես այդ պատմության մեջ ներքաշվել ենք ուրիշների կողմից։ Ես այդ թեմայի վերաբերյալ ԱԺ–ում մանրամասն պարզաբանումներ տվել եմ ու երբ վերջին գաղտնալսումը հրապարակվեց, հաստատվեց, որ ես Սանկտ Պետերբուրգում եմ իմացել այդ կալանքի պրոցեսների մասին։ Երբ ԱԱԾ տնօրենն ասում է կալանքի են տանում Խաչատուրովին, ես հարցնում եմ` ե՞րբ։ Այսինքն` ես տեղյակ չեմ դրանից»,– պարզաբանեց Փաշինյանը։

Վանեցյանի անձնական խոսակցություններն ու գրագրությունները կցվել են գաղտնալսման քրգործին

Անդրադառնալով դատական համակարգի անկախությանն ու դատավորներին հրահանգավորելու մասին մեկնաբանություններին, վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Այդ զանգի ընթացքում ես շատ կոշտ տոնով ԱԱԾ տնօրենին ասել եմ` ի՞նչ է նշանակում`դատավորը վախենում է, ի՞նչ է նշանակում` չեք կարողանում դատավորի անկախությունն ապահովել։ Դա ձեր գործն է, գնացեք, ինչպես ուզում եք, ապահովեք»։

Փաշինյանը հերքեց նաև մեկնաբանությունները, թե Մարտի 1-ի գործն ու Քոչարյանի նկատմամբ գործընթացը ընտրական գործընթացի վրա ազդելու միջոց է։ Նա հիշեցրեց, որ տվյալ քրեական գործը հարուցվել է 5 ամիս առաջ ու ոչ մի կապ չունի ընտրությունների հետ։