Նարեկ Սարգսյանն ամիսներ շարունակ եղել է ոստիկանության տեսադաշտում

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադարձել է Ֆրանկլին Գոնսալես անվան տակ թաքնվող Նարեկ Սարգսյանի հայտնաբերելու փաստին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան, Երևանի թիվ 10/54 ընտրատեղամասում իր ընտրությունն իրականացնելուց հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ Սերժ Սարգսյանի եղբորորդուն` Նարեկ Սարգսյանին Պրահայում հայտնաբերելու հարցին։

«Ամիսներ առաջ, մինչ նրան հայտնաբերելը, երբ ես հայտարարեցի, որ Նարեկ Սարգսյանը գտնվում է մեր տեսադաշտում, շատերը դրան լուրջ չվերաբերվեցին։ Բայց փաստը մնում է փաստ, որ նա հայտնաբերվեց»,– ասաց Օսիպյանը։

Ոստիկանությունը գտել է Ալեքսանդր Սարգսյանի որդուն. նա թաքնված էր Ֆրանկլին Գոնսալեսի անվամբ

Ինչ վերաբերում է նրան Հայաստան տեղափոխելու գործընթացին, Օսիպյանը հայտնեց, որ գործընթացն այժմ ընթացքի մեջ է` հավաքվում են անհրաժեշտ փաստաթղթերը։ Դրանով ՀՀ Գլխավոր դատախազությունն արդեն զբաղվում է։ «Կարևորը` նա ձերբակալված է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։ Այնուհետև կարտհանձնեն ՀՀ–ին»,– ասաց Օսիպյանը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին ոստիկանությունը հայտարարեց, որ դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը: Նա հայտնաբերման պահին ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Նարեկ Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նրա Հայաստան տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով:

Հիշեցնենք նաև, որ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: