Սփյուռքահայ գործարարը դիմեց Նիկոլ Փաշինյանի աջակցությանը. Գյումրիում բացվեց «Սաստեքսը»

Աղետի գոտում գործարաններ հիմնելու համար սփյուռքահայ գործարարն ունի տարածքային խնդիր։ Այդ հարցով աջակցություն նա ակնկալում է վարչապետի պաշտոնակատարից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում մասնակցել է թեթև արդյունաբերության գործարանի` «Սաստեքսի» նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությանը։ Ինչպես ասաց «Սաստեքս» ընկերության տնօրեն, սփյուռքահայ գործարար Քրիստիան Գելեջին, ինքը որոշել է նոր արտադրամասի հիմնաքարը դնելու պատիվը վերապահել Փաշինյանին։

Իսկ գործարանի առաջին մասնաշենքն արդեն պատրաստ է և առաջիկայում կմեկնարկի արտադրությունը։

Փաշինյանը զայրացավ. 30 տարի անց աղետի գոտու անօթևանների թիվը հայտնի չէ

Ինչպես հայտնեց տնօրենը, 2016թ.–ից կառուցվող գործարանը մեկ ամիս առաջ ընդունել է առաջին 150 կարող– բանվորուհիներին, և մինչև ապրիլ կընդունի ևս 150–ին։ Գործարանն առայժմ արտադրանք չի տալիս։ Նոր բանվորուհիները դեռ ուսուցում են անցնում։

«Մենք 5 եղբայր ենք`արմատներով սասունցի, եկել ենք Գյումրի գործարան ենք կառուցում։ Շատերն ասում են` ինչո՞ւ եք եկել Գյումրիում գործարան բացում։ Որովհետև մենք հայ ենք, մենք գյումրեցի, արթիկցի, կապանցի, սպիտակցի չենք, մենք բոլորս հայ ենք, և մեր նպատակը պիտի լինի մեր հայրենիքը»,– ասաց նա։

Գյումրիում բացված գործարանը միակը չէ, զուգահեռաբար աշխատանքներ են տարվում նաև Արթիկում ու Սպիտակում գործարանների հիմնելու ուղղությամբ։ Դրանց սեփականատերը շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշն է։

«Ես ու իմ գործընկեր Վարդան Սրմաքեշը որոշել ենք Հայաստանի բոլոր կողմերում նմանատիպ գործարաններ կառուցել, հաջորդ գործարանը լինելու է Սպիտակում։ Այնտեղ էլ մենք տարածքային խնդիր ունենք, որի համար պիտի դիմենք ձեզ, որ այդ խնդիրը լուծվի»,– ասաց Քրիստիան Գելեջին` դիմելով Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք` Արթիկում գործարանի հիմնադրման համար 2017թ.–ին հատկացվել էր Արթիկի դպրոցներից մեկի մասնաշենքը, որի հետևանքով բողոքներ էին բարձրացել։