Նոր նամականիշը կխորհրդանշի վերածնվող Սպիտակը. լուսանկարներ

Երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով Գյումրիում մարվել է նոր նամականիշ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Գյումրիում այսօր մարվել ու շրջանառության մեջ է դրվել Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված նամականիշ։

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց նամականիշի հեղինակը` «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը, նոր նամականիշը խորհրդանշում է վերածնվող Սպիտակը։ «Ի տարբերություն մինչ այս եղած նամականիշի, որը խորհրդանշում էր աղետյալ քաղաքները, այս մեկը խորհրդանշում է արդեն փրկված ու վերածնված աղետի գոտին»,– ասաց Մկրտչյանը։

«Աստված քո ցավն ինձ տա». Ռիժկովը հիշում է Լենինականի սարսափելի օրերը

230 դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրվել է Ֆրանսիայում` 30 000 տպաքանակով։

Նամականիշի վրա կոլաժի տեսքով պատկերված են 1988թ.–ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի տեսարաններ, ավերված շենքեր, փրկարարական աշխատանքներ ու Գյումրու անկախության հրապարակի ժամացույցը, որը ցույց է տալիս երկրաշարժի ժամը` 11։41։

Նամականիշի մարման արարողության ներկա են եղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, Տրանսպորտի, կապի, ՏՏ նախարարի պպաշտոնակատար Հակոբ Արշակյանը և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Նմանատիպ նամականիշ մարվել է 20 տարի առաջ, երկրաշարժի 10-րդ տարելիցին`դիզայներ Հարություն Սամուելյանի հեղինակությամբ։