Քոչարյանը ԱԱԾ հարևանությամբ «Կենտրոն Երևան» ՔԿՀ շենքում է

Նախկին նախագահն ինքն է եկել քրեակատարողական հիմնարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ամենայն հավանականությամբ գտնվում է «Կենտրոն Երևան» քրեակատարողական հիմնարկում։

Քոչարյանի փաստաբանը խոստացավ հրապարակել Մարտի 1-ի աղմկահարույց հրամանը

Այս մասին հայտնում է Sputnik Արեմնիայի թղթակիցը, փոխանցելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքերը։

ՔԿՀ–ի շենքի մոտ գտնվող մեր թղթակցի փոխանցմամբ` Քոչարյանի թիմի ներկայացուցիչները, ինչպես նաև իրավապահ մարմինները չեն երևում։ ԱԱԾ–ի տարբերանշաններով երեք մեքենա է կանգնած։

Ներկաներից ոչ ոք ոչ մի հարցի չի պատասխանել, սակայն հաջողվել է խոսել ԱԱԾ տնօրենի հետ:

Պատասխանելով լրագրողների հարցին` Վանեցյանն ասաց, որ նրա տեղեկություններով, Քոչարյանը «Կենտրոն Երևան» ՔԿՀ–ի շենքում է։

Հիշեցնենք, նոյեմբերի 27-ից Վերաքննիչ դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ նրա պաշտպանների բողոքը։

Ավելի վաղ Վճռաբեկ դատարանը նույն հիմքով բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության։

Կալանքի հիմք չկա. Քոչարյանի փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։