ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, վաստակավոր բժիշկ Գենադի Օնիշչենկոն մինչև հիմա ուշքի չի եկել այն հոգեբանական վնասվածքից, որը ստացել է Սպիտակի երկրաշարժի գոտում տեսածի հետևանքով։ Այդ մասին Օնիշչենկոն խոստովանեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Օնիշչենկոն ԽՍՀՄ առողջապահության նախարարության մասնագիտացված հակահամաճարակային բրիգադի չորս օպերատիվ խմբերի ղեկավարն ու համակարգողն էր, այդ թվում` 1988թ–ի դեկտեմբերի 7–ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ։
«Ես մինչև հիմա հոգեբանական վնասվածք ունեմ, թեև Սպիտակի երկրաշարժից հետո ես դարձել եմ չեչենական իրադարձությունների ականատեսը։ Սակայն Սպիտակում տեսածն անձամբ ինձ համար փորձություն էր», – ասաց Օնիշչենկոն։
Ամեն անգամ Հայաստան այցելելիս նա պարտադիր գնում է Սպիտակ, հանդիպում մասնագետներին, որոնց հետ աշխատել է ժամանակին։ Վաղը նա պատրաստվում է մասնակցել սգո միջոցառումներին և ծաղկեպսակ դնել Ռուսաստանի Պետդումայի կողմից։
Օնիշչենկոյի համար երկրաշարժից հետո Հայաստան գալը պատվի գործ է եղել։
Նա հիշում է, որ 1988թ–ին ԽՍՀՄ առողջապահության նախարարությունն առաջինն է արձագանքել ողբերգությանը, քանի որ ժամանակին չեն եղել ո՛չ ԱԻՆ, ո՛չ մասնագիտացված այլ կառույցներ։ Նախարարությունը բրիգադներ է ձևավորել` բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
Մասնագետներն իսկույն բախվել են բարդությունների` փլատակների տակ հայտնված մարդկանց փրկելիս։
«Երբ բարձրացնում էինք այն, ինչ ճզմել էր մարդկանց, նրանք միանգամից մահանում էին։ Ստիպված էինք կրկին սովորել և օպերատիվ որոշումներ կայացնել մարմնի սեղմված մասի անդամահատության համար», – բացատրեց Օնիշչենկոն։
Նա հիշում է, որ տուժածներին, որոնք եղել են ծանր վիճակում, տարել են մոսկովյան կլինիկաներ, քանի որ Հայաստանի առողջապահության նախարարությունն ուղղակի չի կարողացել զբաղվել այդքան շատ տուժածներով։
«Թեպետ, Սպիտակը և Լենինականն ամբողջովին ավերված էին, ոչ ոք չէր պատրաստվում հեռանալ։ Այդ ժամանակ մենք որոշում ընդունեցինք այնտեղ ուղարկել մեր բրիգադները, վրաններում բացվել էին լաբորատորիաներ, սկզբում Սարատովից եկել էին 32 աշխատակիցներ», – պատմեց Օնիշչենկոն։
Սարատովի մասնագետները Սպիտակում աշխատանքներ են տարել ժանտախտի համաճարակը կանխելու ուղղությամբ։ Այդ բրիգադների առջև խնդիր է դրվել ապահովել իրավիճակի վերահսկողությունը, քանի որ տեղի բժիշկներն իրենք հոգեբանական օգնության կարիք են ունեցել, նրանցից շատերը կորցրել էին հարազատներին ու մտերիմներին։