«Ամեն օր վախը սրտումս եմ արթնանում». Գոհար Գևորգյանը 30 տարի նույն երազանքով է ապրում

«Երկրաշարժը` ականատեսի աչքերով» նախագծի շրջանակում Sputnik Արմենիան պատմում է 30 տարի նախկին ճաշարանում ապրող տիկին Գոհարի մասին։
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Գյումրիում հարյուրավոր մարդկանց համար 1988 թվականի երկրաշարժից 30 տարի անց երազանքը նույնն է՝ քարե պատեր: Աղետալի երկրաշարժից հետո շատերը բնակություն հաստատեցին ոչ միայն ժամանակավոր տնակներում, այլ նաև այն կառույցներում, որոնք այդ ժամանակ առավել քան ապահով էին թվում: Երկրաշարժի ժամանակ վթարային դարձած այդ շինությունները 30 տարի անց արդեն վտանգավոր են բնակվելու համար:

Ի՞նչն էր Սպիտակի երկրաշարժի զոհերի ու վիրավորների մեծ թվի պատճառը. փրկարարի հուշերը

Երկրաշարժից հետո Գոհար Գևորգյանը ամուսնու ու երեխաների հետ բնակություն հաստատեց Գյումրու նախկին թիվ 34 դպրոցի ճաշարանում: Նրանց երկսենյականոց բնակարանը սկզբում վթարային էր, հետո փլվեց. մնալու տեղ չկար, և այդ ժամանակ ճաշարանի կառույցը, որտեղ աշխատում էր տիկին Գոհարը, լավագույն տարբերակն էր: Նրանք տեղավորվեցին այդ շինությունում՝ հուսալով, որ շատ շուտով բնակարան կստանան: Այդ օրվանից 30 տարի է անցել, տիկին Գոհարի կյանքում շատ բան է փոխվել. կորցրել է ամուսնուն ու որդուն, բայց տուն ունենալու երազանք այդպես էլ անկատար է մնացել: Կառույցն էլ, որտեղ բնակություն էին հաստատել ավելի ուշ՝ 2006-ին, սեփականության իրավունքով տրամադրել են Գյումրու «Արթուր Ալեքսանյանի անվան» մարզադպրոցին:

Ամուսու մահից հետո տիկին Գոհարը դստեր ու թոռան հետ էր ապրում այդ շինությունում, մինչև կառույցի սենյակներից մեկն օրերից մի օր ամբողջովին փլվեց: Բարեբախտաբար, զոհեր չեղան, թեև թոռան օրորոցն այնտեղ էր դրված:

«Ամեն օր վախը սրտումս եմ արթնանում». Գոհար Գևորգյանը 30 տարի նույն երազանքով է ապրում

Դուստրն ու թոռը` 4 տարեկան Մարիան, հիմա վարձով բնակարան են տեղափոխվել. վատ պայմանների պատճառով փոքրիկը պարբերաբար թոքաբորբով էր հիվանդանում, և վախենում էին, որ օրերից մի օր մյուս սենյակն էլ կփլվի:

Կառույցում հիմա բնակվում է տիկին Գոհարը, բայց թոռնիկը հիմնականում նրա տանն է, որովհետև դուստրն աշխատում է:

«Ամեն օր վախը սրտումս եմ արթնանում». Գոհար Գևորգյանը 30 տարի նույն երազանքով է ապրում

«Անօթևանի կարգավիճակ ունեմ, դիմել եմ քաղաքապետարան, բայց հույս չունեմ, որ ինչ–որ բան կփոխվի: Հիմա էլ մարզադպրոցը հիմնանորոգելու են, դրա հետ մեկտեղ` այս շինությունը: Ամեն օր վախը սրտումս եմ արթնանում, որ չգան ու ասեն՝ պետք է նորոգենք, դուրս եկեք: Ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ։ Չգիտեմ: Սա էլ ապրելու տեղ չէ, պայմանները տեսնում եք, բայց ի՞նչ անեմ, եթե հանեն»,- ասում է 72–ամյա տիկին Գոհարը։

Նա 30 տարի առաջ 2–սենյականոց բնակարան է կորցրել, բայց հիմա մեկսենյականոցի էլ է համաձայն, միայն թե գլխավերևում ապահով ծածկ ունենա: