«Փիրս Բրոսնանին» սպանած հայաստանցի տաքսիստը 15 տարի կանցկացնի ճաղերի հետևում

Հայաստանում ծնված Վահագ Կարապետյանը ճաղերի հետևում միայնակ չի հայտնվի. պարզվել է, որ չարագործի հայրը նույնպես թալանում էր ուղևորներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Մոսկվայաբնակ տաքսիստ Վահագ Կարապետյանին 15 տարվա ազատազրկման են դատապարտել 3 կողոպուտի և մահվան հանգեցրած առողջությանը ծանր վնաս հասցնելու համար։ Այս մասին գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»` հղում անելով Օստանկինոյի միջմարզային դատախազությանը։

Հայ տաքսիստների էպոպեան. Լիգան գլխավորում է մաֆիոզը, իսկ նախարարին դատի են տալիս

Վահագից բացի, 5 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել նրա հայրը։ Քննությունը պարզել է, որ նա ևս գողությամբ էր զբաղվում և խաբում ուղևորներին։

Կարապետյանի նկատմամբ գործը հարուցվել էր հունիսի 30-ին ռադիոհաղորդավար Արթուր Բիտովի (հայտնի է որպես Փիրս Բրոսնանի ձայն, քանի որ նա էր պաշտոնապես հնչյունավորում Ռուսաստանում հոլիվուդյան դերասանին) մահվան առիթով։ Բիտովը հայտնի էր գովազդի աշխարհում. նա հնչյունավորել է մի շարք հայտնի ընկերությունների տեսահոլովակներ, ինչպես նաև ВВС–ի ֆիլմերի շարքը։

Կալանավորման մասին որոշման մեջ նշվում է, որ Կարապետյանին ձերբակալել են Մերձմոսկովյան շրջանում հոկտեմբերի 16-ին։ Քննության տվյալներով` 2015 թվականից տղամարդը մասնավոր ուղևորափոխադրումներ էր իրականացնում և տարբեր պատրվակներով իր հաճախորդներին առաջարկում էր հանքային ջուր խմել, որում նախապես հոգեմետ նյութեր էր լուծում, ինչից հետո, սպասելով մինչև դեղամիջոցն իր ազդեցությունը թողնի, մեղադրյալը թալանում էր հաճախորդներին պատկանող արժեքավոր իրերը։