ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության առանձին պաշտոնատար անձանց կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության այրվածքների բաժնի բժիշկների կողմից 2018թ. հունվար-հունիս ամիսներին, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժվող հիվանդների տվյալներով ՀՀ առողջապահության նախարարություն են ներկայացվել նախատեսված բուժման ծառայության վերաբերյալ՝ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Արդյունքում՝ ընկերության հաշվեհամարին պետբյուջեից փոխանցվել է գումար՝ իրականում չմատուցված ծառայությունների դիմաց։
Նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի, ընկերության այրվածքային բաժնի բժիշկների, ֆինանսական գծով փոխտնօրենի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին է փոխանցվել 12.000.000 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում: