Հայաստանում նախկին պաշտոնյայի են ձերբակալել

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ Ա.Մ.-ն դեկտեմբերի 3-ին ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն` նա ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։

Ինչպես են համայնքներում յուրացրել պետության գումարները. ԱԱԾ նոր բացահայտումները

Դեռևս հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական գույքի կառավարման և մասնավորեցման ոլորտում մեծածավալ ուսումնասիրություններ էր անցկացվել։

Մասնավորապես պարզվել էր, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում «Անի» ԲԲ ընկերությանն ընդամենը 22.695.306 ՀՀ դրամով օտարվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված և անհատույց օգտագործման իրավունքով «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված՝ Շիրակի մարզի Ամասիայի համայնքում գտնվող 1882ք/մ մակերեսով Ջրաձորի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, 5342ք/մ մակերեսով Ամասիայի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060ք/մ թունելը, ինչպես նաև ջրանցքները սպասարկող կառուցվածքները, որոնք ընդհանրապես օտարման ենթակա չէին:

Կոռուպցիոն նոր բացահայտում. Ատոմակայանի ղեկավարությունը խոշոր չարաշահում է կատարել

Որակավորում ունեցող անձանց կողմից 2018թ. սեպտեմբերի 26-ին կատարված գույքի գնահատման հաշվետվության համաձայն` 22.695.305 ՀՀ դրամով օտարված գույքի շուկայական արժեքը կազմում է 244.600.000 դրամ, ինչը շուրջ տասն անգամ շատ է ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված գնից:

Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից 2018թ. հոկտեմբերի 2-ին հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն ապահովելու ուղղությամբ: