ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Մոտակա 3-4 տարիների ընթացքում ՀՀ–ում ֆիզիկական անձանց եկամտահարկը միջին 25%-ից կիջնի մինչև 20%։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը` ներկայացնելով Հարկային օրենսգրքում բարեփոխումների փաթեթը։
Նախագծի համաձայն` հարկն առաջարկվում է իջեցնել։ Նրանք, ովքեր այսօր մինչև 150 հազար դրամ աշխատավարձ են ստանում, վճարում են 23%, ովքեր ավելի բարձր`28% են վճարում (օրինակ` եթե 200 հազար դրամ աշխատավարձ են ստանում, 23% վճարում են 150 հազարից և 28% 50 հազարից)։ Իսկ նրանք, ովքեր 2 մլն–ից ավելի են ստանում, գերազանցող մասի համար վճարում են 36%։
Հիմա հարկն առաջարկվում է դարձնել միասնական` 23% բոլորի համար։ «Իհարկե չունևորների համար հարկը նույնն է մնում։ Սակայն մենք գոնե այն կնվազեցնենք ավելի բարձր աշխատավարձերից, իսկ դա նշանակում է խթան կառաջացնենք բարձր որակավորում ունեցող աշխատակիցներով և բարձր աշխատավարձներով նոր ձեռնարկություններ ստեղծելու համար», – նկատեց Պողոսյանը։
Բացի այդ, հետագա երեք տարիների ընթացքում նախատեսվում է հարկը տարեկան իջեցնել 1%, մինչև հասնի 20%–ի։
«Երբ ընդունվի օրենքը, նախանշվածն արդեն տեղի կունենա», – նկատեց Պողոսյանը։
Նշենք, որ եկամտահարկը 20% դառնալու դեպքում, կաճեն կուտակային կենսաթոշակի վճարները` 2,5%–ից դառնալով 5%։
Ավելի վաղ քննարկվում էր նաև ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար հարկը նվազեցնելու տարբերակը։ Օրինակ` մինչև 100 հազար դրամ աշխատավարձ ստացողներից առաջարկվում էր մի մասը չհարկել։ Սակայն այդ տարբերակը դեռ չի քննարկվում։
Նկատենք, որ Հայաստանի վարձու աշխատողների 45%–ը ամսական մինչև 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Նվազագույն կենսաապահովման բյուջեն տարեկան մեկ մարդու հաշվարկով (պարենային և ոչ պարենային ապրանքներ, ինչպես նաև կոմունալ ծառայություններ) 62 330 դրամ է գնահատվում 2018 թվականի առաջին կիսամյակի տվյալներով։ Այն հաշվարկում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն, սակայն ոչ պաշտոնական կարգով։