Որտե՞ղ է թաքնվել Արամ Հարությունյանը. քննիչներին չի հաջողվել գտնել նրան

ՀՀ գլխավոր դատախազությունը պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելն անհետաձգելի է համարում։ Կաշառքի ու փողերի լվացման մեջ մեղադրվող նախկին նախարարը կարող է թաքնված լինել արդարադատությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչին չի հաջողվել կապ հաստատել նրա հետ ու հրավիրել քննչական մարմին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` նշելով, որ վարույթն իրականացնող մարմինն Արամ Հարությունյանի թաքնվելու վերաբերյալ կասկածներ ունի:

Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու երկրորդ փորձը խորհրդարանը կանի վաղը

Գլխավոր դատախազությունը հենց այս հանգամանքով է մեկնաբանում Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով միջնորդություններ ներկայացնելու հրատապությունը։

«Գործընթացի հրատապությունը պայմանավորված է քրեական գործի նախաքննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը, քննության հետագա բնական ընթացքն ապահովելու և դրանց շրջանակներում քրեական դատավարության մասնակցի պատշաճ վարքագիծն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու օբյեկտիվ անհրաժեշտությամբ»,– ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Միաժամանակ Գլխավոր դատախազությունը պատգամավորներին խնդրում է ապահովել ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան միջնորդությունների սահմանված կարգով քննարկումը և ձեռնպահ մնալ հանրային թյուր կարծիք ձևավորելուց ու Դատախազության և քրեական հետապնդման մյուս մարմինների գործունեության նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելուց։

Արամ Հարությունյանի գործով կալանավորվել են նրա 2 գործընկերները. «Ժողովուրդ»

Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ՀՀ Գլխավոր դատախազն ԱԺ նախագահին էր ներկայացրել երեկ։ Այդ հարցը ներառվել էր քառօրյա հերթական նիստերի օրակարգ և նախատեսված էր քննարկել այսօր առավոտյան` 10։ 00–ին մեկնարկող նիստում։ Նիստը քվորումի բացակայության պատճառով չկայացավ, հարցի քննարկումը հետաձգվեց մինչև վաղը։

Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հայտարարել էր, որ 14 մլն դոլար կաշառքի ու այդ փողերի լվացման փաստով հարուցված քրեական գործով մեղադրանք է ներկայացվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին։ Գլխավոր դատախազը դիմել էր ԱԺ նախագահին` Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությամբ: