ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. «Այստեղ հաճախող երեխաները պետք է զգան, որ իրենք ևս 21-րդ դարի քաղաքացի են, և այստեղ՝ քաղաքից հեռու, գյուղում էլ կարող են կայանալ ու արդյունք ստեղծել»: Այս մասին ասել է Լոռու մարզի Դեբեդ համայնքի «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ-կենտրոնը այցելած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
2018 թվականի մայիսի 27-ից գործող ՍՄԱՐԹ կենտրոնի սաները տարբեր գյուղերից ժամանած երեխաներ են, ընդ որում, ոչ միայն Լոռու մարզից:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահ Սարգսյանը շրջել է կենտրոնում, որտեղ երեխաները սովորում են ծրագրավորում, պար, անգլերեն, նկարչություն, երգեցողություն և այլ առարկաներ: Նախագահը զրուցել է երեխաների հետ, դիտել նրանց աշխատանքները։
Հիացմունք հայտնելով կենտրոնի պայմանների և ընձեռած հնարավորությունների վերաբերյալ՝ նախագահը նշել է, որ շատ կարևոր է, որ այս կենտրոնը չդառնա երեխաներին հողից, գյուղից կտրելու ճանապարհ։
«Սա ավելի մարդկային վայր է, և այստեղ երեխաները կարող են կայանալ որպես մարդ, որպես քաղաքացի»,-նշել է նախագահ Սարգսյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է նաև սմարթ սենյակում, որտեղ երեխաները ցուցադրել են իրենց պատրաստած ռոբոտի հնարավորությունները: Նախագահը նշել է, որ այն, ինչով նրանք զբաղվում են, նրանց ապագայի գործիքն է: Նա հաջողություն է մաղթել երեխաներին՝ համոզմունք հայտնելով, որ նրանց ստեղծած ռոբոտները հետագայում ավելի կատարյալ կլինեն ու լայն կիրառություն կունենան:
Մանուկների զարգացման կենտրոնում, որտեղ այդ օրը ներկա էին նաև Գյուլագարակի մակնապարտեզից ժամանած երեխաներ, նախագահի կողմից 1 մլն դրամ նվիրաբերվեց Գյուլագարակի մանկապարտեզին:
Արմեն Սարգսյանը, պատասխանելով կենտրոնի երեխաների հարցերին, նշել է. «Ձեր ապագան ձեր ձեռքերում է: Ձեր ձեռքերում է նաև երկրի ապագան»:
Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահին և տիկին Նունե Սարգսյանին կենտրոնի նկարչական խմբակի երեխաներն իրենց նկարած աշխատանքներն են նվիրել։ Արմեն Սարգսյանը գրառում է կատարել կենտրոնի այցելությունների նորաբաց գրքում. նրա գրառումն առաջինն էր: «Հուզիչ ու հոյակապ է»,- գրել է նախագահը: