Իզուր չէր պարելը. Սիմֆերոպոլի օդանավակայանը կկոչեն Այվազովսկու անունով

Հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը հաղթեց «Սիմֆերոպոլ» օդանավակայանին լրացուցիչ անվանում շնորհելու քվեարկությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը հաղթեց Ղրիմի «Սիմֆերոպոլ» օդանավակայանը վերանվանելու քվեարկությունում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ավելի վաղ Ղրիմի հայերը ժողովրդական տոնախմբություն էին կազմակերպել «Սիմֆերոպոլ» միջազգային օդանավակայանում։ Նրանք այդ քայլով աջակցեցին օդանավակայանին Այվազովսկու անունը շնորհելու գաղափարին։

Ղրիմի օդանավակայանը պետք է Այվազովսկու անունով կոչել. գլխավոր տնօրեն

«Մեծ անուններ» ակցիայի արդյունքներն ամփոփվեցին համառուսաստանյան մրցույթի պաշտոնական կայքում։  Նկարչի օգտին քվեարկեց 133,1 հազար մարդ։ Եկատերինա Մեծի անվան համար մոտ 1/3 օգտատեր է քվեարկել, 50 հազար մարդ էլ քվեարկել է ադմիրալ Նախիմովի անվան համար։ Նախնական ցուցակում 12 ազգանուն էր ներառված։

Նշենք, որ Սիմֆերոպոլի օդանավակայանի «Ղրիմի ալիք» նոր տերմինալը սկսեց աշխատել 2018 թվականի ապրիլի 16-ին և կես տարվա ընթացքում 3,8  մլն ուղևոր և ավելի քան 26 հազար չվերթ է սպասարկել։