Դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը. գլխավոր դատախազը դեմ է եղել

Չնայած դատախազական կողմը կտրուկ առարկել է, բայց Վերաքննիչ դատարանը որոշել է քննարկել Քոչարյանի փաստաբանների` ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված զրույցի վերաբերյալ ներկայացրած բողոքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շուրջ 40 րոպե ելույթ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Վերաքննիչ դատարանի նիստում։ Այս մասին լրագրողներին ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Դետալ առ դետալ փորձեց անդրադառնալ մեր բոլոր փաստարկներին։ Ես չէի ասի, որ նրա բոլոր հակափաստարկները համոզիչ են, բայց համենայնդեպս մանրակրկիտ աշխատել է»,– ասաց Ալումյանը։

Անդրադառնալով նախկին նախագահի անձեռնմխելիության հիմքով կալանքի որոշումը վերացնելու մասին գլխավոր դատախազի ներկայացրած հակափաստարկներին` Ալումյանը նշեց, որ դրանց հիմքում Դավթյանը նշել է այն հանգամանքը, որ անձեռնմխելիությունն անհամատեղելի է օրենքի խախտման հետ։

«Բայց անձեռնմխելիության մասին հնարավոր չէ խոսել, եթե անձը չի մեղադրվում հանցագործություն կատարելու մեջ։ Դրանք ոչ թե մեկը մյուսին բացառող երևույթներ են, այլ մեկը մյուսով անմիջականորեն պայմանավորված։ Անձեռնմխելիության մասին կարելի է խոսել միմիայն այն դեպքում, երբ մինչ այդ խոսվում էր որոշակի հանցագործության մեջ մեղադրվելու մասին»,– ասաց Ալումյանը` ներկայացնելով դատախազի ներկայացրած հակափաստարկի շուրջ Քոչարյանների փաստաբանների տեսակետը։

Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել դատարանում

Ինչ վերաբերում է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված զրույցում Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցի շուրջ փաստաբանների ներկայացրած բողոքին, Ալումյանի խոսքով, դատախազական կողմը դրա նկատմամբ լուրջ անհամաձայնություն է հայտնել, բայց դատարանը որոշել է քննության առնել նաև այդ հանգամանքը։

Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել էր Ալումյանը, այս հեռախոսային խոսակցությունը, փաստաբանների համոզմամբ, վկայում է, որ կալանավորելու մասին միջնորդությունը ներկայացված է եղել, որպեսզի Քոչարյանին ստիպեն ցուցմունք տալ։

Հիշեցնենք` նոյեմբերի 27-ից Վերաքննիչ դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ նրա պաշտպանների բողոքը։

Ավելի վաղ Վճռաբեկ դատարանը նույն հիմքով բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել էր լրացուցիչ քննության։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն էլ է վստահ` դատարաններին ճնշում են

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին: