Որտեղի՞ց է վերցված մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին Քոչարյանի հրամանագիրը

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանը կասկածում է, որ գործին կցված հրամանագիրն իրական է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը հնարավոր է իրականում գոյություն չի ունեցել։

Այս մասին այսօր լրագրողներին ասել է Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը. գլխավոր դատախազը դեմ է եղել

«Մենք չենք ասում` այդ հրամանը չի եղել։ Բայց երբ դուք կարդաք այդ հրամանագիրը, շատ հիասթափված կլինեք։ Ոչ թե այն, ինչը թերթի մեջ է գրված, որովհետև թերթի մեջ մի հատված էր, այլ այն, ինչ հիմա գործի մեջ է դրված։ Ոչ ամիս–ամսաթիվ կա, ոչ տարեթիվ կա, ոչ համար կա։ Այսինքն` մենք ասում ենք, որ դա ՊՆ–ից չի վերցված, այն հրամանից չի վերցված, որն իրականում գոյություն է ունեցել»,– ասաց Ալումյանը։

Փաստաբանը նշեց, որ Քոչարյանը որոշ տեղեկություններ հայտնել է հրամանագրի մասին, բայց չցանկացավ այս պահին բացահայտել դրանք։

Հիշեցնենք` Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող ՀՔԾ պետն ավելի վաղ հայտարարել էր, որ արտակարգ դրությունը հայտարարվել է փետրվարի 23-ով թվագրված թիվ 0038 հրամանով։ Դրանով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23֊ին, ժամը 18։00-ից պետք է տեղափոխվեր զորանոցային վիճակի մինչև հատուկ կարգադրության ստացումը։ ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում պետք է ստեղծվեին սպայական խմբեր` զինված տաբելային զենքով, Երևան քաղաքի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Խաչատուրովի աշխատանքը ապահովելու նպատակով պետք է ստեղծվեր։Միաժամանակ բոլոր ստորաբաժանումները պետք է զինվեին հրաձգային զենքերով։

Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել դատարանում

ՀՔԾ պետի մեկնաբանությամբ` եթե հրամանագիրը ստորագրվել է 2008 փետրվարի 20-ին, երբ դեռ որևէ տեղեկություն չկար մարտի 1-ին սպասվող անհնազանդությունների մասին, փորձ է արվել բանակը ներքաշել այդ գործընթացներում, ինչն էլ ըստ քննչական մարմնի հանդիսանում է սահմանադրական կարգի տապալման փորձ։

Հիշեցնենք` նոյեմբերի 27-ից Վերաքննիչ դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու պաշտպանների բողոքը։

Ավելի վաղ Վճռաբեկ դատարանը նույն հիմքով բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության։

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։