Ի՞նչ կանի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնը, եթե դառնա ԱԺ պատգամավոր

Օլիմպիական չեմպիոնը մտադիր է խթանել ծրագրերի, որոնք մարզիկներին արժանի կյանքով կապահովեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Մարզիկներին անհրաժեշտ է պարտադիր բժշկական ապահովագրությամբ ապահովել, լրագրողներին ասաց Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Արսեն Ջուլֆալակյանը։

Ավելի վաղ Ջուլֆալակյանին առաջարկել էին մասնակցել ավագանու ընտրություններին։ Փորձ ուներ. 2013 թվականին արդեն մասնակցել էր ավագանու ընտրություններին ԲՀԿ–ից, սակայն հրաժարվել էր մանդատից։ Այն ժամանակ մարզիկը իրեն այդ դերում չէր պատկերացնում։ Այսօր անկուսակցական Արսենը ընդգրկվել է «Իմ քայլը» կուսակցության ցուցակում, 57 համարի ներքո։

«Թյուրիմացական 10 լավագույնը». Ջուլֆալակյանը պատրաստ է ձրի խորհուրդներով օգնել նախարարությանը

«Նախկին ԱԺ–ն ինձ համար հետաքրքիր չէր գործունեության տեսանկյունից։ Այնտեղ հակասական պատկեր կար, այն ինձ չէր գրավում», – ասաց Ջուլֆալակյանը։

Հիմա հայտնի մարզիկը այլ կերպ է մտածում և ցանկանում է Փաշինյանի թիմի մաս կազմել։

Առաջարկը բարձր մակարդակով են արել։ Ջուլֆալակյանը մի քանի պայման է դրել, որոնք ընդունվել են`կուսակցություն չմտնել, շարունակել զբաղվել սպորտով։

«Կարծում եմ` այս ուժը, որը հեղափոխություն է իրականացրել, մաքուր և բարի նպատակներ ունի կառուցելու այնպիսի Հայաստան, որը նաև ես եմ երազում։ Մենք միանման պատկերացումներ ունենք։ Այդ իսկ պատճառով այլ ուժ չեմ ընտրել, որի հետ կցանկանայի առաջ շարժվել», – ասաց Ջուլֆալակյանը։

Նա նշեց, որ դեմ է եղել նաև ռեյտինգային համակարգին և հրաժարվել իր թեկնածությունն առաջադրել կոնկրետ ընտրական տարածքում։ Նրա կարծիքով` ռեյտինգային համակարգն իր բացասական ազդեցությունը կունենա ընտրական գործընթացների վրա։

Ընդ որում, մարզիկի խոսքով, գաղտնիք չէ, որ «Իմ քայլը» հաղթանակի է հավակնում։ Հիմնական հարցն այն է, թե որքան ձայն կհավաքի կուսակցությունը։ Ջուլֆալակյանը գտնում է, որ հեղափոխություն իրականացրած ուժը պետք է հնարավորություն ունենա իշխանության ղեկին մնալու և իրականացնելու այն խոստումները, որոնք տվել է հեղափոխության ժամանակ։

Ջուլֆալակյանը նշեց, որ հաշվի առնելով իր կրթությունը (ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը) տեսնում է իրեն և՛ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, և՛ Սպորտի հանձնաժողովում։ Ամեն ինչ պարզ կդառնա ընտրություններից հետո։

Sputnik Արմենիայի հարցին, թե սպորտի ոլորտում կոնկրետ ինչ ծրագրեր է նա մտադիր առաջարկել մոտ ապագայում, մարզիկը նշեց, որ դրանք մի քանիսն են։

Առաջինը` մարզիկներին բժշկական ապահովագրությամբ ապահովելն է։ Դրա բացակայությունը լուրջ խնդիր է նրանց համար։

Քարոզարշավի ֆեյքերն ու БТР-ները. ի՞նչ է նկատել ՀՅԴ–ն ու ի՞նչ է առաջարկում փոխարենը

«Սա նորմալ պրակտիկա է աշխարհի զարգացած երկրների համար։ Ցավոք, սպորտը հղի է վնասվածքներով, որոնք ցանկացած պահի կարող են ճակատագրական դեր խաղալ մարզիկի կյանքում։ Սուղ ֆինանսական հնարավորությունների պատճառով նա պարզապես կարող է ավարտել իր կարիերան», – ասաց Ջուլֆալակյանը։

Հաջորդ առաջարկը մարզիկների համար ստաժի ապահովումն է։ Ինչպես և առաջին առաջարկը, ստաժն առաջին հերթին, պետք է ապահովվի Հայաստանի հավաքականի անդամների համար։

Եվս մեկ նախաձեռնություն` թոշակների ավելացում օլիմպիական մրցանակակիրների և աշխարհի չեմպիոնների համար։ Այսօր հաջողությունների համար մարզիկները շատ քիչ հավելավճար են ստանում` 50 կամ 100 հազար դրամ։ Դա շատ փոքր թիվ է։

«Կարելի է վերանայել այդ թիվը, հասցնել այն նորմալ մակարդակի։ Չէ՞ որ օրենքն ընդունվել է 90-ականների վերջին», – ասաց Ջուլֆալակյանը։

Նա նաև կուզեր ուշադրություն հրավիրել հավաքների համար մարզիկներին տրվող օրապահիկների չափի վրա։ Այդ գումարը 90-ականներին սահմանվել է 9800 դրամ։ Դրանով մարզիկը պետք է սնվի, ապրի, մարզվի։

Այս ամենից զատ Ջուլֆալակյանը կարևոր է համարում մարզիկների այլ կրթություն ունենալու հարցը։ Օրինակ` ինքն անձամբ, եթե սպորտում հաջողության չհասնի, կկարողանա հանգիստ աշխատանք գտնել այլ ոլորտում որպես միջազգայնագետ։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններին 11 քաղաքական ուժ է մասնակցում` 2 դաշինք և 9 կուսակցություն։ Քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին։ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9–ին։