Զանգվածային ակցիաներ Փարիզում․ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Պաշտոնյաները հայտարարել են, որ 5000 ոստիկան ու ժանդարմ են հանելու Փարիզի փողոցներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Ֆրանսիական ոստիկանությունն այսօր արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» դեմ (այսպես են անվանում ցուցարարներին, որոնք դեմ են բենզինի գնի աճին)։ Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները։

Ցուցարարները քանդել են Փարիզի դարավոր սալաքարերը․ տեսանյութ

Բախումները սկսվել են Հաղթանակի կամարի հրապարակի մոտակայքում, որտեղ ցուցարարները փորձել են գրավել բողոքի ակցիայի գոտու մուտքի մոտ գտնվող հսկիչ անցակետը։ BFMTV-ն հայտնում է, որ մի քանիսին ձերբակալել են ապօրինի զենք կրելու համար։

Պաշտոնյաները հայտարարել են, որ 5000 ոստիկան ու ժանդարմ կհանեն Փարիզի փողոցներ։ Նախորդ շաբաթ նրանց թիվը 3000 է եղել։

Անցած շաբաթ ակցիաներին մասնակցել են ավելի քան 100 հազար մարդ, երկու շաբաթ առաջ՝ ավելի քան 240 հազար մարդ։ Բողոքի ակցիաների պատճառով այսօր չեն գործում մետրոյի 7 կայարանները, ճանապարհներին հերթապահում են հազարավոր ոստիկանները։

Ելիսեյան դաշտերը շաբաթ օրը փակ է լինելու երթևեկության համար, իսկ հետիոտները պետք է անցնեն հսկիչ անցակետերով։

Ավելի քան երկու շաբաթ է` «դեղին բաճկոններ» ակցիայի մասնակիցները փակում են Ֆրանսիայի ճանապարհները դիզելային վառելիքի թանկացման պատճառով։ Զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցները դժգոհում են իշխանության որոշումից, համաձայն որի` հաջորդ տարվանից բենզինի գինը բարձրանալու է 2,9 ցենտով, իսկ դիզելային վառելիքինը՝ 6,5 ցենտով։ Այս տարվա ընթացքում բենզինի գինը Ֆրանսիայում աճել է մոտ 15%-ով, իսկ դիզվառելիքինը՝ 23%-ով։