«Արարատյան բակալավրիատի» ստուգումները. ի՞նչ պայմանավորվեցին Հարությունյանն ու Սահակյանը

Շուտով հայտնի կդառնան «Արարատյան բակալավրիատ» ծրագրի հետ կապված ստուգումների արդյունքները, սակայն կոնֆլիկտի կողմերն անսասան են և պնդում են իրենց պահանջների արդարացի լինելը։
Sputnik

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Արայիկ Հարությունյանի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո արդեն մի քանի ամիս ակտիվորեն քննարկվում է «Այբ» հիմնադրամի մշակած «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը։ Երկրում առաջին անգամ է, որ նման հետաքրքրությամբ և անհամբերությամբ հետևում են կրթական ծրագրի շուրջ ծավալվող զարգացումներին։

Ի՞նչ զարգացում կա «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շուրջ. Sputnik–ի հյուրը Դավիթ Սահակյանն է

Արայիկ Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր ծրագրի անարդյունավետ լինելու մասին, որից հետո հայտնում էին ծրագիրն իրականացնող հիմնադրամում ֆինանսական աուդիտ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Իսկ այժմ ծրագրի, այսպես կոչված, «բովանդակային ուսումնասիրություններ» են անցկացվում, որից հետո կտրվի նրա արդյունավետության գնահատականը։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Հարությունյանը հայտնեց, որ ուսումնասիրությունների արդյունքները հայտնի կդառնան նոյեմբերի 30-ին, այնուհետև, տասն օրվա ընթացքում, Կրթության և գիտության նախարարությունը ծրագրի հետագա իրականացման վերաբերյալ իր եզրակացությունը կներկայացնի։

«Նախարարության և ծրագիրն իրականացնող կողմի միջև ստորագրած հուշագրի համաձայն, լուրջ ստուգումներ են իրականացվում։ Սակայն արդեն հիմա մենք ծրագրի իրականացման ընթացքի հետ կապված լուրջ վերապահումներ ունենք։ Զգալի միջոցներ են ծախսվել, և այդ ծրագրի արդյունավետության վերաբերյալ լուրջ կասկածներ կան», – ասաց նախարարը։

Հարությունյանի խոսքով` Հիմնադրամի ներկայացուցիչների փոխարեն նա զերծ կմնար այն հայտարարություններից, թե ամեն ինչ նորմալ է և ծրագրի հետ կապված որևէ խնդիր չկա։ Միևնույն ժամանակ նախարարի պաշտոնակատարը գերադասեց իր կարծիքը չհայտնել այնքան ժամանակ, մինչև ուսումնասիրությունների արդյունքները պատրաստ չլինեն։

Տատիկի բաղադրատոմս և բուռն երևակայություն. զբոսաշրջիկները տոլմա են փաթաթում Դիլիջանում

«Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանն, իր հերթին, ծրագրի բազմակողմանի ուսումնասիրության կողմնակից է։ Խնդիրը, ըստ նրա, այն է, թե ով է անցկացնելու այդ ստուգումները։

Մասնավորապես, Հիմնադրամի ներկայացուցիչը պարզաբանեց, որ ծրագիրը Քեմբրիջի համալսարանի ստուգաչափ է անցել  և, այդ իսկ պատճառով, միջազգային բուհերը ճանաչում են «բակալավրիատի» դիպլոմները։ Սահակյանի խոսքով`  եթե ներկայումս անցկացվող ուսումնասիրությունները  չհամապատասխանեն այդ մակարդակին, ապա եզրակացությունը ոչ այլ ինչ կլինի, քան շարքային կարծիք։

«Երկար կարելի է խոսել ծրագրի իրականացման գնի մասին։ Հավանաբար, այն հնարավոր էր ավելի էժան կամ թանկ իրականացնել։  Օրինակ, Ղազախստանում Հայաստանից շուտ են սկսել նման նախագիծ իրականացնել։ 700 հոգուց կազմված թիմ էր ձևավորվել, սակայն մենք ավելի շուտ ենք հաջողության հասել և մի քանի անգամ պակաս գումար ենք ծախսել», – ասաց նա։

Սահակյանը վստահեցրեց, որ Հիմնադրամում մտավախություն չունեն կապված ֆինանսական ստուգումների հնարավոր արդյունքների հետ։ Նրա խոսքով` կրթական հիմնադրամում չարաշահումներ չեն եղել և չկան։

«Արարատյան բակալավրիատ» ծրագրի շուրջ հիմնադրամի և կրթության նախարարության միջև առկա բոլոր տարաձայնությունների հետ մեկտեղ երկու կողմերը կարծում են, որ այդ թեմայի շուրջ զարգացումները չպետք է անդրադառնան «Այբ» դպրոցի գործունեության վրա։

Սերժ Սարգսյանի խորհրդականի հարցը փակված չէ.«Այբի» աուդիտի արդյունքները շուտով կհրապարակվեն

Սահակյանը կարծում է, որ երկխոսության միջոցով կոնսենսուսի կհասնեն։ Նրա խոսքով` բոլոր խնդիրները կլուծվեն, իսկ կոնֆլիկտը ստուգումների արդյունքում կվերանա։

Հարությունյանն, իր հերթին, հայտարարեց, որ ծրագրի և «Այբ» դպրոցի միջև կապն արհեստական է։ Նա նշեց, որ նախարարության և կրթական հիմնադրամի միջև ստորագրած պայմանագիրը դպրոցի զարգացում չէր նախատեսում։

«Արարատյան բակալավրիատ» ծրագիրը նախաձեռնել է «Այբ» կրթական հիմնադրամն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի համագործակցությամբ։

Ծրագիրը նախատեսում է հայկական դպրոցներում ներդնել «Արարատյան բակալավրիատ» («Այբ Բեն» կամ ԱԲ) միջազգային չափանիշներին համապատասխանող հայալեզու կրթական ծրագիրը և բարձր որակավորում ունեցող ուսուցիչների նախապատրաստել։