Փաշինյանն ուղերձ է հղել Վրաստանի կին նախագահին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Զուրաբիշվիլուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

«Ընդունեք, խնդրեմ, ջերմագին շնորհավորանքներս եղբայրական Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ձեր՝ որպես Վրաստանի առաջին կին նախագահի ընտրությունը, հիրավի, պատմական իրադարձություն է, և ես ի սրտե մաղթում եմ, որ Ձեր պաշտոնավարումը Վրաստանի պատմության մեջ նշանավորվի շարունակական վերելքով և բարօրությամբ»,– նշել է Փաշինյանը:

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հավատացած է նաև, որ Հայաստանի և Վրաստանի՝ դարավոր բարիդրացիության և ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակեն ամրապնդել՝ փոխադարձ վստահության և փոխըմբռնման մթնոլորտում, կընդլայնեն երկկողմ օրակարգը բազմաբովանդակ նոր ծրագրերով՝ մեր ժողովուրդների բարեկամության ողջ ներուժը ծառայեցնելով Հայաստանի և Վրաստանի առաջընթացին:

«Ձեզ հետ մոտալուտ հանդիպման և հավակնոտ գործընկերություն զարգացնելու ակնկալիքով՝ Ձեզ եմ հղում հարգանքներիս խորին հավաստիքը»,– նշված է Փաշինյանի ուղերձում։

Վրաստանում անցկացված նախագահական ընտրության արդյունքում հաղթել է «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող անկախ թեկնածու, Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին։

Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է 1952 թվականի մարտի 18–ին Փարիզում վրացի քաղաքական էմիգրանտների ընտանիքում։ Ավելի քան երեսուն տարի աշխատել է Ֆրանսիայի ԱԳՆ համակարգում։ 2004–ից 2005 թվականներին Վրաստանի արտգործնախարարի պաշտոնն է զբաղեցրել։ 2005 թվականի նոյեմբերին Զուրաբիշվիլին ստեղծել է «Վրաստանի ճանապարհ» ընդդիմադիր կուսակցությունը, որը ակտիվ մասնակցում էր 2007 – 2009 թվականների բողոքի ակցիաներին։