Շիրակում և Լոռիում դեկտեմբերի 7-ին չեն աշխատի

Կառավարությունը որոշում է կայացրել տեղափոխել աշխատանքային օրը, բայց միայն երկու մարզերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 7-ի աշխատանքային օրը կտեղափոխվի դեկտեմբերի 15-ի շաբաթ օրը, բայց ոչ թե ամբողջ հանրապետության տարածքում, այլ միայն Շիրակի և Լոռու մարզերում։

Նման որոշում այսօր կայացվեց ՀՀ կառավարության նիստում։

Անվերջանալի բոկոտն ճանապարհորդություն Հայաստանի 30-ամյա աղետի գոտիով

Նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել այդ մարզերի քաղաքացիներին դեկտեմբերի 7-ին այցելելու երկրաշարժից զոհված իրենց հարազատների շիրիմներին։

Իսկ թե ինչու միայն երկու մարզերում հարցի շուրջ պարզաբանում ներկայացրեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

«Ձևավորված ավանդույթի համաձայն` այս երկու մարզերում մարդիկ միևնույն է աշխատանքի չեն գնում։ Պետք է հարգել այդ մարդկանց կարծիքը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7–ին լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30 տարին։