Անցումային արդարադատություն. որքա՞ն խորն ենք փորելու

Գարնանային իրադարձությունների ամենասկզբում և դրան հաջորդած իշխանափոխությունից հետո Հայաստանում խոսակցություններ սկսեցին անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման մասին։ Սպասվող ԱԺ արտահերթ ընտրությունների ապագա հաղթողները քարոզարշավի ընթացքում արդեն նշում են նման քայլի անհրաժեշտությունն իրենց ծրագրերում։
Sputnik

Չորեքշաբթի օրը` նախընտրական միջոցառման ընթացքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքի ծրագիրը իր մեջ պարունակում է անցումային արդարադատության գործիքների կիրառման մտադրություն` ժողովրդին վերադարձնելու համար այն, ինչ թալանել են նախորդ տարիներին։

Անցումային արդարադատություն՝ չեղած ճգնաժամի դեմ. Փաշինյանի գաղափարը քննադատության տակ է

Թալանվածը վերադարձնելու թեման ակնհայտորեն հաղթական է և ժողովրդական զանգվածների ուժեղ հուզական աջակցությունն է ապահովում։ Մարդիկ արդար են իրենց պահանջի մեջ` պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր տասնամյակներով հարստանում էին պետության հաշվին, իսկ դա նշանակում է նաև այդ մարդկանց հաշվին։ Ոմանց, ճիշտ է, թվում է, թե թալանվածի մի մասը պետք է նրանց փոխանցեն գեղեցիկ աչքերի համար, սակայն նման միամիտ ռոմանտիկների թիվը, բարեբախտաբար, փոքրամասնություն է կազմում։ Դեռ փոքրամասնություն է, սակայն խոսքն այդ մասին չէ։

Անցումային արդարադատությունը, որքանով կարելի է եզրահանգել, դիմելով միջազգային փորձին, հիմնականում տեսական դիսցիպլինա է, քանի որ դրա պրակտիկ կիրառման դեպքերը շատ քիչ են։ Բացի այդ, այն նախևառաջ ոչ թե պատժիչ միջոցներ է նախատեսում, այլ արդարության և հասարակության հաշտեցման ապահովման համար հնարավորությունների որոնում, ինչպես նաև սոցիալական վստահության վերականգնում։

Զոհրաբյան. «Անցումային արդարադատություն կիրառելու իրավիճակ Հայաստանում չկա»

Բացի այդ, անցումային արդարադատության կիրառումը սահմանափակվում է պետության ստանձնած կոնկրետ պարտականություններով, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, ինչպես նաև ժամանակակից միջազգային իրավական համակարգի հիմունքներով, մասնավորապես` միջազգային մարդասիրական և քրեական իրավունքով։ Դա արվում է նրա համար, որպեսզի թույլ չտրվեն կամայականություններ և ամենաթողություն։

Ենթադրենք, որ Հայաստանում որոշվել է կիրառել անցումային արդարադատության մեխանիզմներ` պետությանը՝ նրա իսկ հաշվին ձեռք բերված ակտիվները վերադարձնելու համար, և համարենք, որ միջազգային բոլոր նորմերը պահպանվելու են։ Թեման հավերժ չբարդացնելու համար բաց թողենք, նույնիսկ բավական օրինաչափ և ինքնաբերաբար առաջացող այն հարցը, թե ով և ինչպես է կիրառելու անցումային արդարադատությունը Հայաստանում և որոշելու այս կամ այն սեփականության ծագման օրինականությունը կամ անօրինական լինելը։

Ինչ անել, որ բարեփոխումն աղետի չվերածվի,կամ նախարարությունների կրճատման լավ ու վատ կողմերը

Ընդունենք, թե այդ ծանր գործով ապագայում զբաղվող մարդու ազնվությունն ու արդարությունը ոչ մի կասկած չի հարուցում, և այն, որ բացահայտումների ժամանակ, այդ մարդկանց ձեռքերը չեն կեղտոտվի։ Մնում է միակ, սակայն չափազանց կարևոր և սկզբունքային հարց. թե ի՞նչ ամսաթիվ են վերցնելու որպես հիմք, Երրորդ հանրապետության ո՞ր ժամանակահատվածից են սկսելու անցումային արդարադատական «հետախուզումները»։

Տարրական տրամաբանությունն ու արդարադատությունը միակ հավանական պատասխանն են հուշում՝ անկախության հռչակման առաջին իսկ օրից` 1991 թվականի սեպտեմբերի 21-ից։ Ցանկացած այլ ամսաթիվ կնշանակի արդարադատության և օբյեկտիվության սկզբունքների խեղաթյուրում, աղավաղում այն ամենի, ինչը հեռու կլինի 1991 թվականից։ Այստեղ կարելի է բաց  թողնել դրա ակնհայտ հիմնավորումները, նույնքան, որքան գաղթել կամ մահանալ չհասցրած երկրի բնակչության նկատմամբ 7-8 տարվա տնտեսական ամենաթողության և ծաղրանքի պատմությունը։

Սակայն ակնհայտ այն միայն թվում է։ Քանի որ առավել ակնհայտ է այն, որ անցումային արդարադատությունն իրականացնելու համար իրավասություններով օժտվածներն այդքան հեռու չեն գնա, այլ կսկսեն, ամենայն հավանականությամբ, 1998 թվականից, այն օրից, երբ քաղաքականությունը լքեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։

Դրանում համոզվելու համար շատ բան պետք չէ. բավական է ուշադրություն դարձնել այն ժամանակահատվածին, որը նոր իշխանությունները համարում են «կրիմինալ» և լի տարատեսակ այլանդակություններով։ Հազվադեպ ճշտությամբ նշվում է 20 տարվա ժամանակահատվածը, այն դեպքում, երբ Երրորդ հանրապետության պատմությունը 27–ից ավել տարվա պատմություն ունի։ Այսինքն` Հայոց համազգային շարժման և Տեր Պետրոսյանի կառավարման տարիները անցումային արդարադատության կիրառման ոլորտից ակնհայտորեն դուրս են մնում։

Սերժ Սարգսյանի եղբայրը 30 միլիոն դոլար կվերադարձնի բյուջե. Նիկոլ Փաշինյան

Եվ եթե տեսականորեն, հենց այդպես էլ ստացվի, ապա ոչ մի արդար անցումային արդարադատության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Այս դեպքում խոսք կարող է լինել միայն ընտրողաբար իրականացված անցումային արդարադատության մասին, ինչը կզրոյացնի դրա շրջանակներում եղած բոլոր գործընթացների նպատակը և դրանց արդյունքներին վստահելու հնարավորությունը:

Ճիշտ է, այդ ընթացքում միամիտ ռոմանտիկների բանակը էապես կհամալրվի ու այդ մարդկանց կսկսի ավելի շատ թվալ, որ թալանվածի մի մասը մոտ ապագայում կփոխանցվի նրանց` իրենց գեղեցիկ աչքերի համար։ Դե ինչ, այդքան ավելի ցավալի կլինի նրանց հուսախաբությունը։