ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Մարտի 1-ի գործի այսօրվա փաստակազմը տրամագծորեն տարբերվում է 2008թ–ի գործի փաստակազմից։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Այսինքն` այսօր ձեռք բերված տվյալները բացարձակապես այլ տեղեկությունների մասին են խոսում։ Եվ փաստակազմի տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանին այսօրվա ներկայացրած մեղադրանքը հակասության մեջ չի մտնում 2008թ–ին քննված քրեական գործով ձեռք բերված տվյալների հիման վրա կայացված դատական ակտերի հետ»,– ասաց Դավթյանը։
Այդուհանդերձ, նոր ի հայտ եկած տվյալները նաև որոշակի հիմքեր են տալիս նախկինում մարտի 1-ի գործով կայացված դատական որոշումների վերանայման համար։
«Եվ քանի որ Եվրոպական դատարանն առանձին գործերով արդեն դիրքորոշումներ է հայտնել, այս լույսի ներքո մենք կունենանք նաև նախկինում կայացված դատական առանձին ակտերի վերանայման գործընթացներ»,– ասաց Դավթյանը։
Ինչ վերաբերում է մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին ու դրա շրջանակում կալանքի որոշման վերանայման գործընթացին, գլխավոր դատախազը հայտարարեց, որ դատախազության համոզմամբ`Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ։
«Մենք բերում ենք այն հիմնավորումները, որոնք վկայում են` քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որ երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ»,– ասաց Դավթյանը։
Նա նաև նշեց, որ Վերաքննիչ դատարանում անձամբ է որոշել ներկայացնել այս տեսակետը, այդ է պատճառը, որ երեկ մեկնարկած ու այսօր շարունակվող դատական պրոցեսին անձամբ է ներկայցել։
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ից Վերաքննիչ դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ նրա պաշտպանների բողոքը։
Ավելի վաղ Վճռաբեկ դատարանը նույն հիմքով բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության։ Վերաքննիչ դատարանում գործը կամագրվել էր դատավոր Ռուբեն Մխիթարյանին։
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի և ազատել կալանքից:
Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին: