Գլխավոր դատախազի ներկայությունը տարօրինակ է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Վերաքննիչ դատարանը քննում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, որն ուղարկվել է լրացուցիչ հետաքննության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Վերաքննիչ դատարանը վերսկսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցած քրեական գործի ուսումնասիրությունը։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է 2008 թվականի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Ռոբերտ Քոչարյանի գործը ՄԻԵԴ չի հասել. Հարությունյանը վերահաստատեց մարտի 1-ի մասին զեկույցը

Նիստին ներկա է նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչը Քոչարյանի փաստաբանի խոսքով, փոքր–ինչ տարակուսելի է։

«Ճիշտ կլիներ, եթե գլխավոր դատախազը կամ նրա տեղակալն առաջին իսկ օրից ներկա լինեին դատական քննությանը։ Անհասկանալի է, թե ինչու միայն այսօր է նա որոշել ներկա լինել նիստին։ Որքան ինձ հայտնի է, և ինչպես այսօր գրում էին մամուլում, նույնիսկ հոկտեմբերի 27-ի գործի դատական նիստի ժամանակ գլխավոր դատախազը ներկա չէր», – ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

Ամեն դեպքում պաշտպանական կողմը դեմ չէ գլխավոր դատախազի ներկայությանը, եթե մեղադրող կողմը ցանկանում է ներկայանալ այդ մակարդակով։

Օրբելյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանը կարող է մերժել փաստաբանների բողոքը և կալանավորել կամ չկալանավորել Քոչարյանին, կարող է նաև դադարեցնել քրեական գործը։

Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ. գլխավոր դատախազ

Հիշեցնենք` հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Oգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` հայտարարելով, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ավելի ուշ «ապօրինի» որակեց Քոչարյանին ազատ արձակելու որոշումը` հույս հայտնելով, որ Գլխավոր դատախազությունը կբողոքարկի այն, և Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ, որպեսզի «չկարողանա խոչընդոտել» գործի քննությունը:

Քոչարյանը դեռ ազատության մեջ է, բայց մեղադրանքը հանված չէ։