ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Այս ընտրությունների ավարտից հետո ամենաինտրիգային հարցը, որը ծագելու է իշխանության և հանրության համար, Ազգային ժողովի նախագահի թեկնածուի հարցն է։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Դեռևս ընտրություններից առաջ խոսակցություններ կային, որ Քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցությունում 4 անուն է քննարկվում․ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի և ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի թեկնածությունները»,– նշված է հոդվածում։
Նախնական տեղեկություններով, ամենահավանական թեկնածուն Արարատ Միրզոյանն է, որին ԱԺ նախագահ նշանակելով Նիկոլ Փաշինյանը միանգամից երկու նապաստակ է խփում․ մեկն այն է, որ ազատվում է իրեն չարդարացրած առաջին փոխվարչապետից, որն իր հավատարիմ զինակիցներից է և չի կարող համարժեք պաշտոն չստանալ, մյուսն այն է, որ հնարավորինս անցնցում լուծում է ԱԺ ղեկավարի հարցը, որը հնազանդորեն կծառայի իրեն։
«Արայիկ Հարությունյանի պարագայում ասում են՝ կան կոնկրետ խոչընդոտներ։ Մասնավորապես՝ ինչ-որ կոմպրոմատ, որն ընդդիմությունը կդնի շրջանառության մեջ եթե պարզվի, որ ՔՊ թեկնածուն ինքն է, ուստի որպեսզի կոմպրոմատը «չաշխատի» որոշել են հրաժարվել վերջինիս թեկնածությունն առաջ մղելու մտքից»,– գրում է թերթը։
Ըստ «Հրապարակի»` Լենա Նազարյանի դեպքում խնդիրն այն է, որ նրա ամուսնու՝ Նարեկ Բաբայանի հարցն է նաև դրված։ Նա ցուցակի 38-րդ համարն է, զբաղեցնում է Պետգույքի կառավարման վարչությունը, բայց, ըստ ամենայնի, նրա աշխատանքից էլ դժգոհություններ կան, ուստի հնարավոր է, որ նա տեղափոխվի ԱԺ, իսկ կինը՝ հեղափոխության ակտիվ մասնակից Լենա Նազարյանը՝ կառավարությունը։ Կարելի է ենթադրել, որ դա կարող է լինել կամ փոխվարչապետի կամ առնվազն նախարարի կարգավիճակով։
«Ալեն Սիմոնյանի դեպքում թեև արտաքուստ խանգարող հանգամանքներ չկան, սակայն նրա նկատմամբ ՔՊ վարչությունում խանդ կա և որոշակի նեգատիվ վերաբերմունքը, ինչն արտահայտվեց Երևանի քաղաքապետի ընտրության ժամանակ։ Ալեն Սիմոնյանի հանդեպ ակնհայտորեն վերապահումներ ունի նաև Նիկոլ Փաշինյանը, ուստի քիչ հավանական է, որ նա կզբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը»,– եզրակացնում է հոդվածագիրը։
Ըստ պարբերականի` Փաշինյանը որոշելու է խաղաքարտերը մինչև վերջին պահը չբացել՝ դրանով իսկ անորոշ և անառողջ մրցակցային մթնոլորտ ստեղծելով կուսակցությունում, որտեղ ձայներ տանելու դաժան մրցապայքար է սկսվել։